ՀՀ-ում կներդրվի արտերկրի բուհերում սովորող ուսանողների ֆինանսավորման նոր համակարգ, քանի որ նախկինում իրականացված նմանատիպ ծրագրերով, մասնավորապես, «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների ընդամենը 20 տոկոսն է վերադարձել, «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ արտերկրում ուսումնառություն ստացած ուսանողների 40 տոկոսը։
Անդրադառնալով հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Ստացվում է, որ կրթության ֆինանսավորման ներքո մենք արտագաղթ ենք ֆինանսավորել»:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն, ներկայացնելով նախագիծը, ասել է․ «Նախատեսվում է կիրառել ձեռնարկությունների նորարարական ներուժի հզորացման գործընթացում պետական աջակցության նոր մոտեցում և հնարավորություն ընձեռել, որպեսզի ՀՀ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցների համար, որոնք ուսանող կլինեն օտարերկրյա հեղինակավոր բուհերում (մենք նկատի ունենք Շանհայի ռեյտինգավորման համակարգում առաջին 65 բուհերը բակալավրիատի դեպքում, առաջին 75 բուհերը՝ մագիստրատուրայի դեպքում), այս պարագայում կհամաֆինանսավորենք ուսման վարձը»,- ասել է նախարարը։
Ծրագրի շրջանակում համաֆինանսավորումը կիրականացվի մասնավոր հատվածի ներգրավմամբ. առևտրային կազմակերպությունը, որն ունի առնվազն 100 աշխատող, պետք է ուսման վարձի 50 տոկոսը վճարի, իսկ պետությունը տարեկան առավելագույնը 10 մլն դրամ կտրամադրի։ Ուսումն ավարտելուց հետո շահառուն պետք է նվազագույնը երեք տարի աշխատի այդ կազմակերպությունում։
Կրթաթոշակի տրամադրման համար, բացի լավագույն ուսումնական հաստատություններում լրիվ բեռնվածությամբ սովորելու պայմանից, սահմանվել է ևս մեկ պահանջ՝ սովորողի ներկայիս կամ ապագա գործատուի կողմից ուսման վարձի առնվազն 50 տոկոսի փոխհատուցման առկայություն։ Այս պարագայում ՀՀ կողմից տրվող կրթաթոշակը կտրամադրվի գործատուի կողմից տրամադրվող փոխհատուցումից հետո, առավելագույնը ուսման վարձի մնացորդային գումարի չափով` յուրաքանչյուր ակադեմիական տարվա համար ոչ ավելի, քան 10 մլն ՀՀ դրամը։
Մեկ այլ ամրագրված պայմանով էլ՝ գործատուն և սովորողը պետք է ունենան ուսման ֆինանսավորման և ուսման ավարտից հետո գործատուի մոտ աշխատանքի անցնելու կամ աշխատանքը շարունակելու հանձնառության պայմանագիր: Աշխատանքային պայմանագրի ժամկետը պետք է լինի առնվազն 3 տարի ժամկետով՝ ուսման ակնկալվող ավարտից հետո:
Որոշման նախագիծն ընդունվել է, սակայն քննարկման արդյունքում որոշվել է, որ մինչ աշուն կանցկացվի մոնիտորինգ՝ գնահատելու համար ուսանողների վերադարձելիության վիճակագրությունը։ Եթե պարզվի, որ ծրագրից օգտվածների մեծ մասը հետ չի վերադառնում և Հայաստանում չի աշխատում, ապա այն կդադարեցվի։
Ըստ գործող կարգի, աշխարահի լավագույն ուսհաստատություններ ընդունված ուսանողները վերադառնալու որևէ է պարտավորություն չունեն։