7 մարտի 2025 - 16:43 AMT
Սիրիայում բախումներ են Ասադի կողմնակիցների և իշխանության միջև․ 70–ից ավելի զոհ կա

Սիրիայում բախումներ են սկսվել կառավարակն ուժերի և այդ երկրի նախկին նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների միջև, որի հետևանքով ավելի քան 70 զոհ կա և տասնյակ վիրավորներ, հայտնում է Al Arabia-ն։

«Ավելի քան 70 զոհված, տասնյակ վիրավորներ և գերեվարվածներ՝ Սիրիայի ափերին պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների անդամների ու նախկին վարչակարգի բանակի զինյալների միջև արյունալի բախումների արդյունքում», – գրել է Սիրիայի Մարդու իրավունքների դիտարկման կենտրոնը X-ում։

Նախօրեին կենտրոնը հաղորդել էր, որ մարտի 6–ին կառավարական ուժերի և ալ-Ասադի աջակիցների միջև տեղի ունեցած բախումները 48 զոհի պատճառ էին դարձել Ջաբլեհ քաղաքում և հարակից գյուղերում։ Ըստ կենտրոնի, դրանք «ամենաարյունալի հարձակումներն էին նոր իշխանությունների հետ Ասադը տապալումից հետո»։

Ալավի համայնքի առաջնորդները կոչ են արել «խաղաղ ցույցերի»՝ արձագանքելով ուղղաթիռային հարվածներին, որոնք, ըստ նրանց, «թիրախավորել են խաղաղ բնակիչների տները», ասվում է Facebook-ում տեղադրված հայտարարության մեջ։

Անվտանգության ուժերը պարետային ժամ են սահմանել ալավիներով բնակեցված շրջաններում, այդ թվում՝ Լաթաքիայում, Տարտուսի նավահանգստային քաղաքում և Սիրիայի երրորդ խոշոր քաղաք Հոմսում, հաղորդել է պետական SANA գործակալությունը։

Միևնույն ժամանակ, երկրի այլ քաղաքներում հավաքներ են անցկացվել «անվտանգության ուժերին աջակցելու» համար, նշել է աղբյուրը։

Լարվածությունը սրվել է Բեյթ Աանա բնակավայրում՝ Սուհայիլ ալ-Հասանի ծննդավայրում, որտեղ տեղացիները խոչընդոտել էին անվտանգության ուժերին՝ ձերբակալելու զենքի առևտրով զբաղվող մի անձի, ըստ Սիրիայի Մարդու իրավունքների դիտարկման կենտրոնի։ Դրանից հետո անվտանգության ուժերը սկսեցին գործողություն այդ տարածքում, ինչը հանգեցրեց զինված բախումների։

Կենտրոնը հայտնել է, որ առնվազն չորս խաղաղ բնակչի սպանությունը Լաթաքիայի անվտանգության գործողության ընթացքում ևս ավելացրել է լարվածությունը։

Անվտանգության ուժերը մարտի 4–ին Դաաթուր թաղամասում իրականացրել են գործողություն՝ ի պատասխան «ալ-Ասադի ուժերի մնացորդների» կողմից իրականացված դարանակալման, որի հետևանքով զոհվել էին երկու անվտանգության ծառայողներ, հաղորդել է պետական լրատվամիջոցը։

Ալ-Ասադի իշխանությունը տապալվել է դեկտեմբերի 8-ին՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման ծայրահեղական զինյալների կայծակնային հարձակման հետևանքով։ Այդ ժամանակից ի վեր նոր իշխանությունները լայնածավալ գործողություններ են սկսել՝ վերացնելու ալ-Ասադի կողմնակիցներին նրա նախկին հենակետերում։

Բնակիչներն ու իրավապաշտպան կազմակերպությունները հաղորդել են խախտումների մասին՝ այդ թվում տների բռնագրավումներ, դաշտային մահապատիժներ և առևանգումներ։ Սակայն նոր իշխանությունները այդ մեղադրանքները որակել են որպես «առանձին միջադեպեր» և խոստացել պատասխանատվության ենթարկել մեղավորներին։

Photo. AFP