Սիրիայի ծովափնյա քաղաքներում բախումները կառավարական ուժերի և նախկին նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների միջև դեռևս շարունակվում են, Լաթաքիայում իրավիճակը համեմատաբար հանգիստ է։ Այդ մասին հայտնել է Հալեպի «Գանձասար» թերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը։
Նա նշել է, որ բնակիչները զգուշանում են դուրս գալ տներից, հայտնում է Արմենպրեսը։
«Անվտանգության ուժեր են տեղակայված քաղաքում և իրականացնում են խուզարկություններ՝ հնարավոր վտանգները կանխելու նպատակով։ Ընդհանուր առմամբ, բնակիչները մեծ զգուշավորություն են դրսևորում և չեն շտապում դուրս գալ տներից։ Նմանատիպ իրավիճակ է նաև Տարտուսում և Բանիասում, որտեղ հայերի թիվը փոքր է, ու նրանցից ոմանք տեղափոխվել են Հալեպ՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Իսկ Լաթաքիայում հայ համայնքը համեմատաբար մեծ է, սակայն այստեղի հայերը շարունակում են մնալ տներում՝ խուսափելով դուրս գալուց, քանի որ քաղաքի որոշ հատվածներում դեռ կրակոցներ են հնչում։ Այնուամենայնիվ, կենտրոնական թաղամասերում այսօր հարաբերականորեն հանգիստ է»,- նշել է Պողիկյանը։
Անդրադառնալով հայ համայնքի վիճակին՝ նա մանրամասնել է, որ մարտի 8-ին 2 հայ է զոհվել՝ նրանց ուղղությամբ կրակ են բացել, երբ վերջիններս վերադառնում էին Լաթաքիա։ Բացի այդ, մտահոգություն կա սննդի ու դեղորայքի պակասի պատճառով, քանի որ տեղաշարժը գրեթե կաթվածահար վիճակում է։ Ժամանակ առ ժամանակ դադարեցվում է ջրամատակարարումը, իսկ էլեկտրականությունն ամբողջությամբ բացակայում է։
«Քաղաքում փակ են ինչպես եկեղեցիները, այնպես էլ դպրոցները։ Կրթության նախարարությունն այս երկու օրերի ընթացքում ուսումնական հաստատությունները փակ է հայտարարել՝ մինչև իրավիճակը կայունանա»,- հավելել է Պողիկյանը։
Լաթաքիայում լույս տեսնող հայկական «Գանձասար» պարբերականի թղթակից Նաիրի Կարապետյանն իր հերթին ասել է, որ Լաթաքիա քաղաքում իրավիճակը մնում է լարված, քաղաքում բախումներ են ընթանում, իսկ հայ համայնքի բնակիչները լսում են կրակոցների ձայներ, սակայն հստակ տեղեկատվություն չունեն, հայտնում է «Փաստինֆոն»։
Նա ընդգծել է, որ համայնքի պատասխանատուները բնակիչներին հորդորել են մնալ տներում։ Անվտանգության նկատառումներով փակ են հայկական դպրոցներն ու եկեղեցիները։
Կարապետյանի փոխանցմամբ՝ տեղի ունեցածի մասին հիմնականում տեղեկանում են արաբական հեռուստաալիքներից, ինչպես նաև լսելով դրսից եկող աղմուկը։
«Անվտանգության ուժերը փորձում են վերահսկողություն սահմանել իրավիճակի վրա։ Այս գիշերվա ընթացքում պարետային ժամ էր հայտարարված մինչև առավոտյան 10-ը, սակայն այն հետագայում երկարաձգվեց մինչև երեկոյան 9-ը։ Հայ համայնքն այժմ սպասում է, որ իրավիճակը հանդարտվի»,- նշել է նա՝ հավելելով, որ հայկական կրթական ու կրոնական հաստատությունները կբացվեն միայն այն ժամանակ, երբ համոզված լինեն, որ վիճակը լիովին խաղաղվել է։
Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան նշել է, որ երկրում ընթացող բախումները սպասելի էին։ Նրա խոսքով՝ կատարվածը տեղավորվում է կանխատեսված խնդիրների շրջանակում, մասնավորապես՝ նախկին իշխանության կողմնակիցների կողմից Լաթաքիայում լարվածություն ստեղծելու և տարաձայնություններ հրահրելու փորձերի մեջ։
Լաթաքիայի նահանգապետ Մոհամմադ Օսմանը ալավիներին աղանդավոր է անվանել՝ ընդգծելով, որ կան խմբեր, որոնք ապավինելով այդ գաղափարներին, ապստամբություն են հրահրել սիրիական ափամերձ շրջաններում, որտեղ ալավիների համայնքն առավել մեծամասնություն ունի։
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով՝ հինգշաբթի օրվանից զոհվել է ավելի քան 700 ալևի խաղաղ բնակիչ, իսկ ընդհանուր զոհերի թիվը հասել է 1018-ի։