10 մարտի 2025 - 13:23 AMT
«Հայաքվե»․ Անհրաժեշտ է անհապաղ կազմակերպել սիրիահայության հայրենադարձությունը

«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը, անդրադառնալով Սիրիայում ծավալվող իրադարձություններին, հորդորել է իշխանություններին անհապաղ կազմակերպել սիրիահայության հայրենադարձությունը՝ վերահաստատելով ՀՀ ԱԳՆ–ին ուղղված իր կոչը։

Մարտի 8-ին տեղեկություն է հրապարակվել, որ Սիրիայի Լաթաքիա քաղաքում երկու հայ է զոհվել։ Լաթաքիա վերադառնալիս հրազենային կրակոցների հետևանքով սպանվել են հայր և որդի Անթուան և Ֆատի Պութրոսները։

2024-ի ավարտին «Հայաքվեն» հայտնել էր իր խոր մտահոգությունը Սիրիայի իշխանափոխությունից հետո ստեղծված իրավիճակի և տեղացի հայության ճակատագրի վերաբերյալ։ Կազմակերպությունն այն ժամանակ կոչ էր արել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը անհապաղ բանակցություններ սկսել Սիրիայի նոր իշխանությունների հետ՝ հայ համայնքի անվտանգության երաշխիքներ ստանալու և հայրենադարձության գործընթաց նախաձեռնելու համար։

«Ցավոք, մեր կանխատեսած վատթարագույն զարգացումներն այս օրերին իրականություն են դառնում։ Սիրիայի ափամերձ շրջաններում նոր իշխանությունների սկսած բռնաճնշումները հանգեցրել են տեղի ալևի և քրիստոնյա բնակչության բողոքներին, ինչին հետևել են գործող թուրքամետ իշխանության կողմնակից զինված խմբավորումների կողմից իրականացվող` խաղաղ բնակչության զանգվածային սպանությունները և խոշտանգումները: Ի թիվս այլոց` սպանվել են նաև Սիրիայի հայազգի քաղաքացիներ, և բռնությունների ալիքը կարող է արագորեն տարածվել նաև այլ հայաշատ շրջաններում։

Այս պայմաններում մենք վերահաստատում ենք մեր պահանջը ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը՝ անհապաղ գործողություններ ձեռնարկել Սիրիայի փաստացի իշխանություններից հայազգի բնակչության անվտանգության երաշխիքներ ստանալու և նրանց հայրենադարձությունը կազմակերպելու նպատակով։ Նաև, հաշվի առնելով Սիրիայում ստեղծված ողբերգական իրավիճակը, պահանջում ենք Հայաստանի Հանրապետության այլ արտաքին գործընկերների հետ համատեղ անհապահ քայլեր նախաձեռնել՝ հրավիրելու ՄԱԿ-ի Անվտագության խորհրդի նիստ` Սիրիայում ստեղծված կացությունը քննարկելու և բռնության դադարեցմանն ուղղված գործուն միջոցներ ձեռնարկելու նպատակով»,–ասվում է հայտարարության մեջ։

2024–ի նոյեմբերի վերջին Սիրիայի զինված ընդդիմադիր խմբերը, որոնց սատարում է Թուրքիան, լայնածավալ հարձակում սկսեցին կառավարական բանակի դեմ, դեկտեմբերին մտան Դամասկոս, ինչի հետևանքով նախագահ Բաշար Ասադը հրաժարական տվեց և հեռացավ ՌԴ։ Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար է դարձել Ահմեդ ալ-Շարաան (հայտնի որպես Ջուլանի), ով 2025–ի հունվարի վերջին հռչակվել է երկրի ժամանակավոր նախագահ։ Վերջին օրերին Ասադի կողմնակիցներն ապստամբել են իշխանությունների դեմ Լաթաքիայի շրջանում՝ բախումներ են սկսվել, կան մեծաթիվ զոհեր, այդ թվում խաղաղ բնակիչների շրջանում։