11 մարտի 2025 - 12:09 AMT
ԵՏՀ առևտրի կոլեգիա․ «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի

Հայաստանի կողմից առաջադրված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը ռազմավարական նշանակություն ունի։ Այդ մասին հայտնել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով կոլեգիայից, գրում է Արմենպրեսը։

«Մենք ակնկալում ենք, որ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրականացումը զգալիորեն կամրապնդի Հայաստանի դերը Մեծ Եվրասիական տարածքում՝ հատկապես տրանսպորտային միջանցքների ընդլայնման և տարանցիկ ներուժի ավելացման շնորհիվ։ Հարավային Կովկասում տրանսպորտային երթուղիների դիվերսիֆիկացումը դրական ազդեցություն կունենա ոչ միայն տարածաշրջանի տրանսպորտային համակարգի, այլև ԵԱՏՄ-ի և երրորդ երկրների, այդ թվում՝ Իրանի հետ առևտրային կապերի զարգացման վրա»,- ասված է պաշտոնական մեկնաբանության մեջ։

Գերատեսչությունում կարևորել են այն հանգամանքը, որ Իրանի կառավարությունը նույնպես պաշտոնապես հայտնել է իր աջակցությունը նախագծին՝ ընդգծելով, որ ԵԱՏՄ անդամ երկրների և Իրանի միջև համագործակցությունը դինամիկ կերպով զարգանում է։

«Արդեն մոտենում ենք ԵԱՏՄ-ի և Իրանի միջև լիարժեք ազատ առևտրի համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերջնագծին։ Այն ստորագրվել է 2023թ. դեկտեմբերին, և ակնկալվում է, որ ուժի մեջ կմտնի սույն թվականի մայիսին։ Մենք համոզված ենք, որ այս համաձայնագրի իրականացումն էականորեն կխթանի առևտրի զարգացումը, քանի որ այն թույլ կտա առավել արդյունավետ կերպով օգտագործել առկա առևտրային ներուժը։ Իրանի հետ համաձայնագրի շրջանակում մենք հասել ենք զգալի արդյունքների՝ ազատ առևտրի ռեժիմի մաքսատուրքերի ազատականացման հարցում, և ապրանքների ավելի քան 90%-ը կլինի առանց մաքսատուրքերի»,- նշվում է պատասխանի մեջ։

ԵՏՀ առևտրի հարցերով կոլեգիայի գնահատմամբ՝ հայկական ապրանքների արտահանումն Իրան այս համաձայնագրից զգալի օգուտներ կստանա, և արտահանվող ապրանքների մեծ մասը կներառվի մաքսատուրքային արտոնությունների շրջանակում։ Բացի շուկայի հասանելիության հարցից, համաձայնագրում հատուկ ուշադրություն է դարձվել տնտեսական ճյուղային համագործակցության վրա, մասնավորապես՝ տրանսպորտի և տարանցիկ բեռնափոխադրումների զարգացման ուղղությամբ։

«ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրաշրջանառության զգալի աճի պայմաններում օրակարգային է դառնում լոգիստիկ ենթակառուցվածքների արդիականացումը, տրանսպորտային շղթաների արդյունավետության բարձրացումը, թվայնացումը, ինչպես նաև նոր լոգիստիկ կենտրոնների զարգացումը։ Այդ համատեքստում «Խաղաղության խաչմերուկ» տրանսպորտային նախաձեռնությունը ռազմավարական նշանակություն ունի»,- ասված է ԵՏՀ առևտրի հարցերով կոլեգիայի կողմից տրամադրված մեկնաբանության մեջ։

Կառավարությունը մշակել և ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի առանցքում Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի միջև կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով: Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ճանապարհները, երկաթուղիները, օդային ուղիները, խողովակաշարերը, մալուխները և էլեկտրահաղորդման գծերը գործելու են այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնցով անցնում են։