11 մարտի 2025 - 12:44 AMT
Բեռլինում հայ համայնքը գերիների ազատման պահանջով ակցիա է անցկացրել

Բեռլինում՝ Բրանդենբուրգյան դարպասների մոտ, հայ համայնքը բողոքի ակցիա է կազմակերպել՝ պահանջելով, որ Ադրբեջանն ազատ արձակի գերեվարված հայերին։ Ակցիայի մասնակիցները նշել են, որ հայ պատանդները Բաքվում դատապարտվում են միայն իրենց ազգային պատկանելության պատճառով։

#FreeArmenianHostages բողոքի ակցիան նպատակ ունի ուշադրություն հրավիրել Ադրբեջանում տեղի ունեցող ապօրինի դատավարությունների վրա և կոչ անել միջազգային հանրությանը գործուն քայլեր ձեռնարկել, հայտնում է «Առավոտը»։

Բողոքի ակցիային մասնակցել են իրավապաշտպան կազմակերպություններ, ակտիվիստներ և մտահոգ քաղաքացիներ։ Գերմանիայի հայերի կենտրոնական խորհուրդը (ZAD), Վտանգի ենթարկված ժողովուրդների ընկերությունը (GfbV), Theophanu Club Germany, Working Group Recognition – Against Genocide, for International Understanding e.V., IGFM Internationale Gesellschaft für Menschenrechte e.V. կոչ են արել անհապաղ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումների դեմ։

ZAD-ի նախագահ Ջոնաթան Սպանգենբերգը, ելույթ ունենալով ցուցարարների առաջ, ընդգծել է, որ Ադրբեջանը հայ քաղբանտարկյալներին օգտագործում է որպես քաղաքական գործիք՝ բանակցությունների ընթացքում։

«Ձերբակալվածները, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանը, գտնվում են անմարդկային պայմաններում, և հաղորդումներ կան նրանց նկատմամբ կիրառվող խոշտանգումների և վատ վերաբերմունքի մասին։ Վարդանյանն այս պահին հացադուլի մեջ է, ու նրա կյանքը լուրջ վտանգի տակ է։ Մենք չենք կարող լռել»,- հայտարարել է Սպանգենբերգը։

Ցուցարարները նշել են, որ Ադրբեջանի գործողությունները խախտում են միջազգային իրավունքը, մասնավորապես՝ ՄԱԿ-ի ցեղասպանության կոնվենցիան և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։

Բողոքի մասնակիցները կոչ են արել Եվրամիությանը, Գերմանիային և Ֆրանսիային իրականացնել հետևյալ քայլերը.

  • Պատժամիջոցներ Ադրբեջանի պաշտոնյաների դեմ, որոնք պատասխանատու են հայ բանտարկյալների ապօրինի կալանավորման և խոշտանգումների համար։
  • Բանտերի պայմանների միջազգային մոնիտորինգ, որպեսզի ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն և Միջազգային Կարմիր Խաչը հնարավորություն ստանան գնահատելու բանտարկյալների վիճակը։
  • Հայ գերիների անհապաղ ազատ արձակում, առանց որևէ նախապայմանի։
  • Հայկական մշակութային ժառանգության պաշտպանություն, որպեսզի հետաքննվեն և կանխվեն օկուպացված Արցախում հայկական կրոնական ու մշակութային վայրերի ոչնչացման դեպքերը։
  • Տեղահանված հայերի անվտանգ վերադարձի ապահովում, միջազգային մեխանիզմների ներգրավմամբ։

Ցուցարարները խստորեն քննադատել են եվրոպական երկրների անգործությունը, իսկ Սպանգենբերգը հիշեցրել է, որ Գերմանիան ունի պատմական պատասխանատվություն ցեղասպանությունների կանխարգելման հարցում։ Նա նաև քննադատել է կանցլեր Օլաֆ Շոլցին՝ Ադրբեջանի նկատմամբ կոշտ քայլեր չձեռնարկելու համար և պահանջել է, որ Գերմանիան պաշտոնապես դիմի Միջազգային քրեական դատարան՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ գործ հարուցելու համար։

Այս բողոքի ակցիան հաջորդում է Եվրոպական հանձնաժողովին և Ֆրանսիայի կառավարությանը ներկայացված դիվանագիտական կոչերին, սակայն մինչ օրս միջազգային հանրության արձագանքը մնում է անբավարար։

Իրավապաշտպան կազմակերպությունների կոալիցիան ծրագրում է հետագա ցույցեր ամբողջ Եվրոպայում և պատրաստվում է պաշտոնական միջնորդություն ներկայացնել Եվրախորհրդարան՝ Ադրբեջանին պատժամիջոցների ենթարկելու պահանջով։

«Աշխարհը չպետք է աչք փակի Ադրբեջանի հանցագործությունների վրա: Բառերի ժամանակն անցել է. մեզ հիմա պետք են իրական գործողություններ»,- հայտարարել է GfbV-ի մարդու իրավունքների ղեկավար Սառա Ռեյնկեն։

ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել՝ ընդգծել է, որ շարունակում է միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ կալանավորված անձանց ազատ արձակման խնդրի, ինչպես նաև դատավարական կոպտագույն խախտումներով և խոշտանգման աղաղակող նշաններով նրանց մի մասի նկատմամբ ընթացող բեմականացված դատավարությունների վրա:

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարել է, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի լուսանկարները վկայում են մարմնի տեսանելի հատվածներում առկա վնասվածքների մասին։ Արդեն մեկ շաբվաթ է Վարդանյանը հացադուլի մեջ է։ Վերջին դատական նիստում Վարդանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, իսկ դատական նիստի ընթացքում արված լուսանկարներում տեսանելի էին նրա դեմքին առկա վնասվածքները։ Չնայած դրան՝ դատարանը ստիպել է նրան մասնակցել նիստին։ Վարդանյանի միջազգային փաստաբանը նախօրեին մանրամասներ էր ներկայացրել նրա առողջական վիճակի մասին՝ նշելով, որ կյանքին լուրջ վտանգ է սպառնում։