Հայաստանից Վրաստան արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալը 2024-ին զգալիորեն նվազել է։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալներով՝ այս տարվա ընթացքում արտահանվել է մոտ 73 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, մինչդեռ 2022-ին այդ ցուցանիշը կազմել էր ռեկորդային 365 մլն, իսկ 2023-ին՝ մոտ 145 մլն կՎտ/ժ։ Միևնույն ժամանակ, Հայաստանը տարեկան մինչև 100 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա է ներկրում Վրաստանից։
2022 թվականից ի վեր, երբ Հայաստանում էլեկտրաէներգիայի շուկան սկսեց անցնել լիբերալ մոդելի, Վրաստանի ուղղությամբ արտահանումը ակտիվացել է, սակայն ներկայում էլեկտրաէներգիայի առևտրի ծավալները (երկու ուղղություններով) մնում են տարեկան 200 մլն կՎտ/ժ սահմանում՝ բացառությամբ 2022-ի, գրում է Sputnik Արմենիան։
2024-ին էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրությունը Հայաստանում կազմել է 9․2 մլրդ կՎտ/ժ, իսկ Վրաստանում՝ 14․2 մլրդ, ինչը նշանակում է, որ երկու երկրները միմյանց վաճառում են իրենց արտադրած էլեկտրաէներգիայի ընդամենը 1%-ը։
Այս սահմանափակ առևտրի հիմնական խոչընդոտը ենթակառուցվածքների բացակայությունն է։ Հայաստանի և Վրաստանի էներգահամակարգերը գործում են մեկուսացված ռեժիմով. հայկական ցանցը սինխրոնացված է իրանականի, իսկ վրացականը՝ ռուսականի հետ։ Այս պատճառով, եթե Վրաստանը ցանկանում է էլեկտրաէներգիա գնել Հայաստանից, ստիպված է նախ անջատել իր ցանցի մի հատվածը և հարմարեցնել դրա հաճախականությունը, ապա նորից միացնել այն ընդհանուր համակարգին։
Խնդրի լուծման համար անհրաժեշտ է կառուցել սահմանային ենթակայան, որը կկարողանա երկու համակարգերի միջև կամրջի դեր կատարել։ Այն պետք է պարունակի հաստատուն հոսանքի ներդիր, որը թույլ կտա իրական ժամանակում փոխանակել էլեկտրաէներգիան՝ առանց լրացուցիչ գործողությունների։ Ենթակայանի կառուցման ֆինանսավորումը պետք է ապահովի գերմանական KfW բանկը, սակայն մինչ այժմ անցկացված մրցույթները արդյունք չեն տվել, իսկ նոր մրցույթի ժամկետների վերաբերյալ հստակ տեղեկություն դեռևս չկա։
Վրաստանն արդեն նմանատիպ ենթակառուցվածքներ ունի Թուրքիայի հետ, ինչը զգալիորեն մեծացնում է երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի փոխանակման հնարավորությունները։ Սա նշանակում է, որ Վրաստանը տեսականորեն կարող է նաև վերարտահանել Հայաստանից գնված էլեկտրաէներգիան Թուրքիա՝ կախված այդ երկրի շուկայական գներից։
Հայաստանի և Վրաստանի համապատասխան մարմինները քննարկում են էլեկտրաէներգիայի ազատ առևտրի հնարավորությունը, ինչը կնվազեցնի վարչարարական խոչընդոտները։ Դրա իրագործման համար անհրաժեշտ կլինի ոչ միայն ենթակայանի կառուցումը, այլև նոր բարձրավոլտ լարման գծի տեղադրում։