11 մարտի 2025 - 13:01 AMT
Արցախում վառելիքի պահեստի պայթյունի զոհերն անորոշ կարգավիճակում են՝ ընտանիքները որևէ աջակցություն չեն ստանում

2023–ի սեպտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի վառելիքաքսուքային նյութերի պահեստում տեղի ունեցած պայթյունի զոհերի ընտանիքները բաց նամակով դիմել են ՀՀ կառավարությանը, Ազգային ժողովին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ բարձրաձայնելով իրենց խնդիրը։

Նշվում է, որ զոհերը շարունակում են մնալ անորոշ իրավական կարգավիճակում, իսկ հարազատներն՝ առանց պետական աջակցության և փոխհատուցման։

Նրանք նշել են, որ պայթյունը տեղի է ունեցել Արցախի շրջափակման ու Ադրբեջանի հարձակման հետևանքով, երբ հազարավոր մարդիկ հերթ էին կանգնել վառելիք ձեռք բերելու և Արցախից տեղահանվելու համար։ Պաշտոնական տվյալներով՝ պայթյունի արդյունքում զոհվել է 219 մարդ, ևս 22-ը համարվում են անհայտ կորած։

Զոհերի հարազատները շեշտել են, որ մեկ տարուց ավելի է՝ նրանք չեն ստացել որևէ պետական աջակցություն կամ փոխհատուցում, իսկ պետական մարմինների արձագանքը եղել է միայն ձևական։ Նրանք պնդում են, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ պայթյունի հետևանքով անհայտ կորած անձինք պետք է ճանաչվեն ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած, ինչը կբացի փոխհատուցման և սոցիալական աջակցության հնարավորություններ։

Բազմաթիվ դատական գործեր արդեն հաստատել են, որ պայթյունը տեղի է ունեցել ռազմական գործողությունների համատեքստում, և դատարաններն ընդունել են անհայտ կորած անձանց ճանաչելու դիմումները՝ առանց պետական տուրքի վճարման։

Նամակի հեղինակները հիշեցրել են, որ 2020 թվականի պատերազմի զոհերի ընտանիքներին ՀՀ կառավարությունը տրամադրել է սոցիալական աջակցություն, սակայն 2023-ի սեպտեմբերի 25-ի պայթյունից տուժածները մնացել են առանց օգնության, թեև նրանք ևս կորցրել են հարազատներ և ստիպված են եղել լքել իրենց տները։

Ընտանիքները ՀՀ կառավարությունից խնդրում են

  1. Պաշտոնապես ճանաչել, որ սեպտեմբերի 25-ի պայթյունը ռազմական գործողությունների հետևանք է։
  2. Պայթյունի զոհերի ու անհայտ կորածների ընտանիքներին տրամադրել փոխհատուցում և սոցիալական աջակցություն։

Բաց նամակի տակ ստորագրել են ավելի քան 90 տուժած ընտանիքի ներկայացուցիչներ, որոնք շեշտել են, որ իրենց ձայնը մինչ այժմ անտեսվել է, և կառավարությունը պետք է անհապաղ ձեռնարկի համապատասխան քայլեր։

2023-ի սեպտեմբերի 25–ին Արցախում բենզինի պահեստում պայթյունի հետևանքով զոհվել է 219, վիրավորվել՝ 120 քաղաքացի: ՀՀ քննչական կոմիտեն այս տվյալները հայտնել է 2023-ին։