11 մարտի 2025 - 14:19 AMT
Մասկը հայտնել է X–ի վրա զանգվածային կիբերհարձակման մասին

Միլիարդատեր Իլոն Մասկը հայտնել է իրեն պատկանող X սոցցանցի վրա զանգվածային կիբերհարձակման մասին։

«X-ի վրա իրականացվել է (և շարունակվում է) զանգվածային կիբերհարձակում: Մեզ վրա ամեն օր են հարձակվում, բայց այս անգամ ներգրավվել են մեծ ռեսուրսներ: Կամ մեծ համակարգված խումբ, կամ պետություն է մասնակից։ Հետևում ենք», — գրել է Մասկը, հայտնում է Meduza-ն։

Fox News-ին տված հարցազրույցում գործարարը նշել է, որ հարձակումը կատարվել է ուկրաինական IP հասցեներից։

«Մենք ճշգրիտ չենք կարող ասել, թե ինչ է տեղի ունեցել, բայց իրականացվել է զանգվածային կիբերհարձակում՝ X համակարգը շարքից դուրս բերելու նպատակով՝ Ուկրաինայում գտնվող IP հասցեներից», –հայտարարել է նա:

Downdetector-ի տվյալներով՝ մարտի 10-ին X ցանցում երեք խոշոր խափանում է գրանցվել։ Օգտատերերը մի քանի ժամ շարունակ բողոքել են կայքի և հավելվածի խնդիրներից։

Newsweek պարբերականը հայտնել է, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է պաղեստինամետ Dark Storm Team հաքերային խումբը։

Օգտատերերի մեծ մասը բողոքել է բջջային հավելվածի աշխատանքի խափանումներից (58%), իսկ մեկ երրորդը (31%) բախվել է դեսքթոփ տարբերակի խնդիրների: Մոտ 11% օգտատերեր հայտնել են սերվերի հետ միացման դժվարությունների մասին:

Check Point Research-ի սպառնալիքների հետազոտողների տվյալներով, հարձակման պատասխանատվությունը ստանձնել է պաղեստինամետ հաքերային խումբ՝ Dark Storm Team-ը: Այս խումբը նախկինում հաջողությամբ հարձակվել է կարևոր ենթակառուցվածքների օբյեկտների վրա, ներառյալ Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանը, Իսրայելի Հայֆայի նավահանգիստը և ԱՄԷ պաշտպանության նախարարությունը: