ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Դելիում՝ Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում (ICWA) ունեցած ելույթում, նշել է, որ Հայաստանը մեծ հետաքրքրվածություն է դրսևորում Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի և Չաբահարի նավահանգստի զարգացման ծրագրերի նկատմամբ՝ ընդգծելով համագործակցության խթանման կարևորությունը։
«Ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի խոչընդոտների վերացումը կարևոր պայման է դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների կառուցվածքային սահմանափակումների հասցեագրման և համաշխարհային շուկայի ինտեգրման խթանման համար: Փոխկապակցվածության ընդլայնումը առանցքային նշանակություն ունի այս նպատակին հասնելու համար: Հայաստանը խորապես շահագրգռված է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի և Չաբահար նավահանգստի զարգացման նախաձեռնության շրջանակներում երկխոսության և համագործակցության խթանմամբ: Այս առումով, Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ համագործակցության ձևաչափը մեծ նշանակություն ունի, և ուրախ եմ, որ մենք արդեն նախաձեռնել ենք այս մեխանիզմը և գործնական քննարկումներ ենք սկսել այս հարցի շուրջ»,–ասել է Միրզոյանը, հայտնում է ԱԳՆ–ն։
Միրզոյանը նշել է, որ թեև տնտեսական ակտիվությունն աճում է, այն դեռևս չի հասել ցանկալի մակարդակներին:
«Մենք նպատակ ունենք առաջիկա տարիներին էապես մեծացնել երկկողմ առևտրի ծավալները՝ կենտրոնացնելով մեր ջանքերը հայկական ընկերություններին Հնդկաստանի հետ գործարար կապեր հաստատելու հնարավորություններ ընձեռելու վրա: Այս ձգտումը դարձավ Երևանում կայացած Միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստի քննարկումների առանցքը, և որպես հայկական կողմի համանախագահող՝ ես հանձնառու եմ առաջնահերթություն տալ այս գործունեությանը՝ խթանելով ինստիտուցիոնալ ներգրավվածությունը և ուժեղացնելով բիզնեսից-կառավարություն (B2G) և բիզնեսից-բիզնես (B2B) փոխգործակցությունները:
Կարծում եմ, որ մեր փորձագիտական համայնքները կարող են նպաստել այս ջանքերին՝ ավելի խորաթափանց վերլուծություններով և առաջարկություններով, որոնք կարող են ավելի մոտեցնել մեր գործարար շրջանակներին»,–ասել է նախարարը։
Նա հավելել է, որ ՀՀ–ն և Հնդկաստանը կարող են հաստատել փոխշահավետ համագործակցություն բոլոր ոլորտներում: Բարձր տեխնոլոգիաները, ՏՏ-ն, կրթությունը, գիտությունը, զբոսաշրջությունը, ավիացիան, լոգիստիկան և դեղագործությունն առանձնանում են որպես համագործակցության հատկապես խոստումնալից ուղղություններ։
«Զբոսաշրջությունը համագործակցության կարևոր ոլորտ է, որը ոչ միայն տնտեսական օգուտներ է բերում, այլև նպաստում է շարժունակությանը և մարդկանց միջև շփումներին՝ խթանելով փոխըմբռնումը: Մենք ակտիվորեն աշխատում ենք Երևանի և Դելիի միջև ուղիղ չվերթներ հաստատելու ուղղությամբ:
Կանաչ էներգետիկայի ոլորտում համագործակցությունը նոր հեռանկարներ է բացում՝ համատեղելով հայկական ներուժն ու հնդկական փորձը։ 2024 թվականին Հայաստանը միացավ Հնդկաստանի և Ֆրանսիայի համատեղ նախաձեռնած Միջազգային արևային դաշինքին, ինչը նոր հեռանկարներ է բացում մեր համագործակցության համար։
Թվային փոխակերպման ոլորտում 2023 թվականին Հայաստանը և Հնդկաստանը փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին՝ բնակչության մասշտաբով թվային լուծումների փոխանակման վերաբերյալ։ Այս այցի ընթացքում նախատեսում ենք ստորագրել փաստաթուղթ բժշկական արտադրանքի կարգավորման ոլորտում համագործակցության մասին»,–ասել է Միրզոյանը։
Չաբահարի նավահանգիստը, որը գտնվում է Իրանի հարավում, կարևոր առևտրային հանգույց է, որի արդիականացման գործում մեծ ներդրումներ է կատարել Հնդկաստանը՝ նպատակ ունենալով զարգացնել առևտրային կապերն Ասիայի և Կովկասի երկրների հետ։