Հալեպի նահանգային իշխանության պատվիրակությունը մարտի 10-ին այցելել է Հալեպում գտնվող ՀՀ գլխավոր հյուպատոսություն։
Հանդիպմանը մասնակցել են Հալեպի նահանգապետի տեղակալ Ալի Հաննուրան, նահանգապետի խորհրդական Ղասսան Ֆարրուհը, աշխատակազմի ղեկավար Աբդ ալ-Մունայիմ Ազադդինը, արտաքին և քաղաքական հարաբերությունների վարչության պետ Ահմադ Բադաուին, ինչպես նաև հասարակայնության հետ կապերի վարչության պետ Յասեր Մաուլոյը, հրապարակել է հյուպատոսության մամուլի ծառայությունը։
ՀՀ գլխավոր հյուպատոս Արա Ավետիսյանը նշել է, որ հայ և սիրիացի ժողովուրդների միջև ավանդական ջերմ հարաբերությունները ազգամիջյան բարեկամության դասական օրինակ կարող են ծառայել և օգտակար լինել` վերականգնելու հանդուրժողականությունը, ծառայելու և փարատելու ազգամիջյան թշնամանքը, աշխարհի բոլոր անկյուններում: Հյուրերն իրենց լիարժեք համաձայնություն են հայտնել այդ կապակցությամբ՝ հավելելով, որ իրենք Սիրիայի հայ քաղաքացիների և Հայաստանի հանդեպ ունեն մեծ ակնածանք և հարգանք ու այդ վերաբերմունքը շարունակական է լինելու։
Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր հյուպատոսը նշել է, որ Հայաստանը մշտապես պատրաստ է աջակցելու և համագործակցելու Սիրիայի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների հետ։ Նա նաև ներկայացրել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանի Դամասկոս կատարած այցի մանրամասները և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։
Իր հերթին, Հալեպի նահանգապետի տեղակալը նշել է, որ պատրաստ են աջակցել ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատանքներին։
Սիրիայում բախումներ են սկսվել կառավարակն ուժերի և այդ երկրի նախկին նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների միջև, որի հետևանքով մեծաթիվ զոհեր կան։ Զոհվածների թվում նաև հայեր կան, այդ թվում՝ հայր և որդի Անտուան և Ֆատի Պութրոսները, որոնք սպանվել են մարտի 7-ին՝ Լաթաքիայի մուտքի մոտ։ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի պատասխանատու Նելլի Ղուլյանը հայտնել է, որ ներկայումս սիրիահայերի տարհանում կազմակերպելն անհնար է՝ անվտանգության պայմաններից ելնելով։