ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Երևանը մեծ հետաքրքրություն ունի Հնդկաստանում արտադրված ռազմատեխնիկայի նկատմամբ՝ ընդգծելով, որ դա կարևոր նշանակություն ունի Հայաստանի պաշտպանական համակարգի բարեփոխումների համար և հավելելով, որ այդ բարեփոխումները ուղղված չեն որևէ երրորդ երկրի դեմ։ Այդ մասին ՀՀ ԱԳ նախարարն ասել է հնդկական Wion լրատվականի տված հարցազրույցում։
Նա նշել է, որ վերջին տարիներին Հայաստան-Հնդկաստան պաշտպանական համագործակցությունն էապես խորացել է, և Հնդկաստանը դարձել է Հայաստանի ռազմական տեխնիկայի հիմնական մատակարարներից մեկը, հայտնում է Factor.am-ը։
«Պաշտպանությունն այն ուղղություններից է, որտեղ մենք շատ սերտ համագործակցություն ունենք Հնդկաստանի հետ։ Եվ ենթադրում եմ, որ այս համագործակցությունը շարունակաբար կխորանա։ Բայց ուզում եմ նշել, որ այս համագործակցությունը, մասնավորապես, Հայաստանի կողմից Հնդկաստանում արտադրված որոշ կոնկրետ սարքավորումների գնումը նախատեսված չէ օգտագործել որևէ երրորդ կողմի դեմ»,- ընդգծել է Միրզոյանը։
Անդրադառնալով հայ-հնդկական ռազմական համագործակցության վերաբերյալ Ադրբեջանի արձագանքին՝ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը միայն ձգտում է ամրապնդել սեփական պաշտպանունակությունը։
«Ես արդեն անդրադարձել եմ այս թեմային։ Հայաստանի մտադրությունը միայն սեփական պաշտպանունակության արդիականացումն է, պաշտպանական համակարգի արդիականացումն ամբողջությամբ։ Հնդկաստանից բերված տեխնիկայի նպատակը ավելի լավ պաշտպանական կարողություններով բանակը համալրելն է։ Հայաստանը որևէ երրորդ երկրի դեմ գործողության որևէ մտադրություն չունի»,–ասել է նա։
Մինչդեռ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Աստանայում՝ Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրթլեուի հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում, կրկին դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից և սպառազինումից`դրանք անվանելով «խաղաղ գործընթացի ամենամեծ խոչընդոտները»։
Նա ընդգծել է, որ 2024 թվականի մայիսին Ղազախստանի կողմից բանակցությունների հարթակի տրամադրումը վկայում է այն կարևորության մասին, որ այդ երկիրը տալիս է խաղաղ գործընթացին, գրում է Azertag-ը։
«Չնայած Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների նորմալացման և վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ կատարված մեծ քայլերին, ես ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանի սահմանադրության մեջ Ադրբեջանի հանդեպ տարածքային հավակնությունների առկայությունը, այդ երկրի արագ սպառազինումը և ռևանշիստական ձգտումները շարունակում են մնալ խաղաղ գործընթացի ամենամեծ խոչընդոտները», - ասել է Բայրամովը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանը դարձել է հնդկական զենքի թիվ մեկ խոշոր գնորդը, ինչը վկայում է Հնդկաստանի խորհրդարան ֆինանսների նախարարության ներկայացրած տնտեսական տեղեկանքը։Հնդկաստանի պաշտպանության նախարարության տվյալներով` 2024-2025 ֆինանսական տարիների կտրվածքով հնդկական սպառազինությունների Հայաստանի գնումների ծավալները հասել են 600 միլիոն դոլարի։