Հայաստանում նախատեսվում է փորձարկել թոքի քաղցկեղի բուժման նոր մեթոդ, որն ընդգրկում է իմունաթերապևտիկ երկու դեղամիջոցի՝ բալստիլիմաբի և բոտենսիլիմաբի համատեղ կիրառումը։ Հետազոտություններն արդեն մեկնարկել են։
Իմունաուռուցքաբանության հետազոտական ինստիտուտի գիտական ղեկավար, ուռուցքաբան-քիմիաթերապևտ Սամվել Բարդախչյանը նշել է, որ իմունաթերապիան համաշխարհային մակարդակում և Հայաստանում դեռևս զարգացող ուղղություն է, հայտնում է Արմենպրեսը։
«Սովորաբար ուռուցքների բուժման համար օգտագործվում է քիմիաթերապիա, որն անմիջապես ազդում է ուռուցքային բջիջների վրա և քայքայում է դրանք: Ի տարբերություն դրա՝ իմունաթերապիան անմիջապես չի ազդում ուռուցքային բջջի վրա, բայց խթանում է մարդու իմուն համակարգը և օգնում է, որպեսզի օրգանիզմն ինքը կարողանա հայտնաբերել ուռուցքը և պայքարել դրա դեմ»,- նշել է Բարդախչյանը։
Մասնագետի խոսքով՝ իմունաթերապիան աշխարհում կիրառվում է 2010-ական թվականներից, և դրա վերաբերյալ հետազոտությունները շարունակվում են։ Այս դեղամիջոցները լայն տարածում են ստացել այլ ուռուցքային հիվանդությունների բուժման մեջ, մասնավորապես հաստ աղիքի քաղցկեղի դեպքում, որտեղ ցուցաբերել են խոստումնալից արդյունքներ։ Դրանց արդյունավետության հիման վրա որոշվել է հետազոտություններ սկսել նաև թոքի քաղցկեղի բուժման ուղղությամբ։
Հետազոտությունները Հայաստանում մեկնարկել են 2024 թվականի հունիսին և նախատեսված են 45 հիվանդի համար, ովքեր ունեն չորրորդ փուլի թոքի քաղցկեղ և դեռևս բուժում չեն ստացել։
Մասնագետն ընդգծել է, որ փորձարկումները հիմնականում կենտրոնացած են թոքի քաղցկեղի բուժման վրա, սակայն հետագայում նախատեսվում է ուսումնասիրել այս մեթոդի կիրառման հնարավորությունը նաև այլ ուռուցքային հիվանդությունների դեպքում, երբեմն համակցված քիմիաթերապիայի հետ։
Հետազոտությունն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության հաստատմամբ՝ ՀՀ ԱՆ Յոլյանի անվան Արյունաբանության և Ուռուցքաբանության կենտրոնի և Իմունաուռուցքաբանության հետազոտական ինստիտուտի համագործակցությամբ։