12 մարտի 2025 - 14:56 AMT
Տարոն Մարգարյանի ու Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրհետապնդում կհարուցվի․ ԱԺ–ն տվել է համաձայնությունը

Գլխավոր դատախազությունը պաշտոնական միջնորդագիր է ներկայացրել Ազգային ժողով՝ պահանջելով քրեական հետապնդում սկսել պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ։ Միջնորդությունները հրապարակվել են ԱԺ կայքում։

Ազգային ժողովը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ներկայացրած միջնորդությունը, հայտնում է Irakanum.am-ը։

Առաջարկվել է Աղազարյանի նկատմամբ հարուցել քրեական գործ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու հոդվածներով։

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի դեպքում նշված են առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունների չարաշահման, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման հոդվածները:

Ազգային ժողովի համաձայնությունը հնարավորություն է տալիս իրավապահ մարմիններին շարունակել գործի ընթացքը։

Ըստ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու կամ նրան ազատությունից զրկելու մասին միջնորդագիրը կարող է քննարկվել խորհրդարանի հերթական կամ արտահերթ նիստում։ ԱԺ հերթական նիստը նախատեսված է մարտի 25-ին։