12 մարտի 2025 - 18:06 AMT
Թուրք լրագրողները ՀՀ են ժամանել հայկական կողմի կազմակերպած մեդիատուրի շրջանակում

ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը, նպատակ ունենալով Թուրքիայի լայն հանրությանը հնարավորինս ուղիղ և հանգամանալից ներկայացնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումներն ու դիրքորոշումները, կազմակերպել է թուրքական լրատվամիջոցների մեդիատուր։

Այդ մասին հայտնել է Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը, տեղեկացնում է Արմենպրեսը։

Մեդիատուրը կազմակերպվել է Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի նախաձեռնությամբ և կենտրոնի միջոցներով։

Ծրագրի շրջանակներում լրատվամիջոցների ներկայացուցիչները հարցազրույցներ և քննարկումներ են ունեցել ՀՀ վարչապետի, մի շարք պաշտոնյաների, ինչպես նաև` փորձագիտական հանրույթի ներկայացուցիչների հետ։