13 մարտի 2025 - 10:33 AMT
Թուրք լրագրողներն այցելել են «Մարգարա» անցակետ

Թուրքիայից ժամանած լրագրողները, որոնք մասնակցում են ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից կազմակերպված եռօրյա մեդիատուրին, այցելել են Հայաստան-Թուրքիա սահմանին գտնվող «Մարգարա» անցակետ։

Լրատվամիջոցների ներկայացուցիչները ծանոթացել են վերանորոգված անցակետի տեխնիկական հնարավորություններին։ Արձանագրվել է, որ անցակետն ամբողջությամբ պատրաստ է գործարկման, հայտնում է Արմենպրեսը։

Լրագրողների թվում եղել է նաև «Ակոս» պարբերականի թղթակից Լուսյեն Քոփարը, ով զրուցել է Օրբելի կենտրոնի փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ։ Պարբերականում հրապարակված հոդվածում Պետրոսյանը ներկայացրել է որոշ մանրամասներ անցակետի վերանորոգման վերաբերյալ։

«Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչները երկար ժամանակ տարբեր հանդիպումներ են անցկացրել։ Այն կետը, որին հասել են երկու կողմերը, դրական էր։ Դրանից հետո Հայաստանը սկսել է «Մարգարա» սահմանային անցակետի վերանորոգման աշխատանքները, որոնք տևել են մեկ տարի։ Վերանորոգվել է նաև Հայաստանից անցակետ տանող ճանապարհը։ Անցակետը պատրաստ էր 2023 թվականին։ Փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի ժամանակ այն երկու կողմերի որոշմամբ բացվել է մարդասիրական օգնության և բեռնատարների համար։ Այս ամենը փաստացի ցույց տվեց, որ այս սահմանային անցակետը կարող է գործել ամբողջ ներուժով»,- նշել է Պետրոսյանը։

Ավելի վաղ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը հայտնել էր, որ Թուրքիայում լայն հանրությանը հնարավորություն տալու համար առավել մանրամասն ներկայացնել Հայաստանի դիրքորոշումները տարածաշրջանում խաղաղության հաստատման և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, նախաձեռնվել է թուրքական լրատվամիջոցների համար նախատեսված մեդիատուր։

Մեդիատուրը կազմակերպվել է ոչ միայն Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի նախաձեռնությամբ, այլև՝ կենտրոնի միջոցներով։