13 մարտի 2025 - 10:36 AMT
Ֆրանսիայի ՆԳ նախարար․ Մտքերս 23 անձի, նաև՝ Ռուբենի հետ են

Մարտի 11-ին Փարիզի Hôtel du Collectionneur-ի սրահներում տեղի է ունեցել Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների Խորհրդի (CCAF) տարեկան ընթրիքը, որին մասնակցել են Ֆրանսիայի կառավարության անդամներ, քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, խորհրդարանականներ, դիվանագետներ, լրագրողներ, դերասաններ և արվեստի գործիչներ։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Ռըտայոն հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով կառավարության տեսակետը։ Նա ընդգծել է, որ հայկական հարցը վեր է բոլոր ֆրանսիական քաղաքական ուժերից և այս միջոցառումը համարել է «բարեկամության և հավատարմության հանդիպում»։ Նախարարի խոսքով՝ իր նվիրվածությունը հայկական հարցին առաջին հերթին «մարմնավոր» է, քանի որ, ինչպես նշել է Անատոլ Ֆրանսը, Հայաստանը Ֆրանսիայի քույրն է, հայտնում է «Արցախ միությունը»։

Անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցին՝ Ռըտայոն շեշտել է. «Այս երեկո իմ մտքերը 23 անձանց՝ ներառյալ Ռուբենի հետ են, որը վտանգի տակ է դնում իր առողջությունն ու կյանքը այն արժեքների համար, որոնց նա հավատում է։ Ես մտածում եմ նրանց մասին և հուսով եմ, որ այսօրվա իմ խոսքերը կհասնեն Ադրբեջանի սահմաններին, որպեսզի գերիները ազատ արձակվեն»։

Հայաստանին պաշտպանելու հարցում, ըստ նրա, «միջազգային հանրությունը հաճախ չի դրսևորել բավականաչափ խիզախություն», սակայն Ֆրանսիան մշտապես կանգնած է եղել Հայաստանի կողքին՝ յուրովի։ Նա ներկայացրել է երկու երկրների միջև առկա համագործակցության ուղղությունները։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ով շինծու գործով ներկայումս պահվում է Բաքվի բանտում, ընտանիքի միջոցով աուդիոուղերձ է հղել՝ շեշտելով, որ իր կյանքում արել է այն, ինչ համարել է բարոյապես ճիշտ, և որ ամենադժվար պահերին էլ չի դավաճանել իր սկզբունքներին։

«Ես գիտակցել եմ ինչի եմ գնում, պատրաստ եմ եղել և պատրաստ եմ ավելի վատ պայմանների: Ես զոհ չեմ, ինձ պետք չէ խղճալ, քանի որ սա գիտակցված որոշում է»,–ասել է նա։