13 մարտի 2025 - 18:10 AMT
Նարեկ Մկրտչյանը ՄԱԿ–ում խոսել է կանանց դերի և COP17-ում ՀՀ նախագահության մասին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանի շրջանակում կազմակերպված «Կանանց հզորացումը Ռիոյի կոնվենցիաների միջոցով. գենդերային հեռանկարներ՝ կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և անապատացման հարցում» թեմայով քննարկմանը։ Այն նախաձեռնվել է Հայաստանի, Բրազիլիայի և Մոնղոլիայի մշտական ներկայացուցչությունների կողմից՝ ՄԱԶԾ-ի և ՄԱԿ Կանանց աջակցությամբ։

Քննարկման ժամանակ նախարարը խոսել է համատեղ ջանքերի կարևորության մասին՝ կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և անապատացման հետևանքով առաջացած մարտահրավերների հասցեագրման տեսանկյունից։ Նա ընդգծել է, որ կանայք հաճախ առավել խոցելի են շրջակա միջավայրի փոփոխություններից՝ ընդգծելով ժամանակին և նպատակային քայլերի անհրաժեշտությունը։

Իր խոսքում Նարեկ Մկրտչյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ խթանելու կանանց դերն ու ներգրավվածությունը կենսաբազմազանության պահպանման և որոշումների կայացման գործընթացներում։ Այս համատեքստում նա անդրադարձել է COP16-ի ունեցած նշանակությանը։

«Անհրաժեշտ է որդեգրել ներառական և ճկուն մոտեցում՝ սահմանված նպատակների իրագործման ուղղությամբ, որոնք կլինեն նաև COP17-ում Հայաստանի նախագահության հիմքում: Այն նախատեսվում է անցկացնել՝ ապահովելով բոլոր շահագրգիռ կողմերի՝ ներառյալ կառավարությունների, քաղաքացիական հասարակության, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը և լսել յուրաքանչյուրի դիրքորոշումն ու մոտեցումը»,- ասել է Նարեկ Մկրտչյանը։

Ելույթի ավարտին նախարարը խոսել է COP17-ի դերի մասին Գենդերային գործողությունների ծրագրի վերանայման շրջանակում՝ նշելով, որ այս գործընթացը հնարավորություն կստեղծի ամբողջական գնահատելու ոլորտի իրավիճակը և առաջարկելու արդյունավետ լուծումներ։