Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով խաղաղության պայմանագրի երկու վերջին կետի շուրջ ձեռք բերված համաձայնությանը, ասել է, որ ԵՄ դիտորդները դուրս կգան և միջազգային հայցերը հետ կկանչվեն, երբ փաստաթուղթը ստորագրվիր, հայտնում է Factor.am-ը։
Նա նշել է, որ որոշ չհամաձայնեցված կետերի շուրջ արդեն փոխըմբռնում է ձեռք բերվել։
«Երկու հոդվածներից մեկը վերաբերում է սահմանի երկայնքով 3-րդ երկների ուժերի չտեղակայմանը, մյուսը՝ ատյաններից փոխադարձաբար հայցերը ետ վերադարձնելու և միմյանց նկատմամբ գործողություններ չիրականացնելուն: Ուզում եմ նաև պատմել մեր որոշումների կայացման մեխանիկայի մասին: Այդ երկու դրույթների վերաբերյալ արդեն երկար ժամանակ երկկողմանի առաջարկներ էինք անում, և ըստ էության դրանք ոչ մեծ, բայց էվոլուցիա են ապրել, և այն պահից, երբ ակնհայտ դարձավ, որ մեզ չի հաջողվում ունենալ իդեալական ձևակերպումներ այդ առումով, մենք նաև Անվտանգության խորհրդի ֆորմատով ենք քննարկել և եկել եզրակացության, որ այս պահին առկա բովանդակությունը կարող է համարվել այն փոխզիջումային տարբերակը, որը կարող է ընդունելի լինել ՀՀ-ի համար:
Եթե համաձայնություն է ձեռք բերվել, ադրբեջանական կողմը մտածել է, որ այս տեքստը որոշակիորեն ձեռնտու է իրեն և Հայաստանի Հանրապետությունն էլ որոշել է, որ իրեն է ձեռնտու, և էլի եմ ասում, դրանք այն կոմպրոմիսներն են, որոնց մասին մենք հրապարակային խոսել ենք»,- ասել է վարչապետը։
ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։
Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։