Փաշինյան․ Բաքուն մեր երկրի ինքնիշխան տարածքի 60%-ն անվանում է «արևմտյան Ադրբեջան»

Փաշինյան․ Բաքուն մեր երկրի ինքնիշխան տարածքի 60%-ն անվանում է «արևմտյան Ադրբեջան»

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանը փաստացի բարձրացնում է մի հարց, որը ներկայացնում է որպես «արևմտյան Ադրբեջան»՝ այդ անվան տակ ներառելով Հայաստանի ինքնիշխան տարածքի մոտ 60-70%-ը։ Միևնույն ժամանակ, պաշտոնական Բաքուն փորձում է Երևանին ներգրավել այս թեմայի քննարկման մեջ։

«Եթե ուզում ենք արևմտյան Ադրբեջան փնտրել կամ տեսնել՝ պետք է ցույց տանք արևմտյան Ադրբեջանի Ղազախի, Աղստաֆայի, Գետաբեյի, Քելբաջարի, Լաչինի, Զանգելանի, Գուբաթլուի շրջանները։ Եթե ինչ-որ տարածաշրջանի անուն մոռանամ, դա չի նշանակում դիտավորյալ բացթողում, ես նկատի ունեմ, որ մենք կարող ենք քարտեզի վրա նայել և ասել, թե որն է արևմտյան Ադրբեջանը», – ասել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետը շեշտել է, որ Բաքուն փորձում է այս հարցը ներկայացնել որպես հումանիտար բնույթի խնդիր՝ Հայաստանը դրդելով քննարկումների, սակայն Երևանը սա չի կարող ընդունել։

«Նկատի ունեմ, նրանք փորձ են անում հումանիտար հարցերի տրամաբանության ներքո տեղավորել դա, մեզ կոչ անելով ինչ-որ հումանիտար հարց քննարկել, բայց էլի եմ ասում, նրանք մեր երկրի ինքնիշխան տարածքի 60%-ը անվանում են արևմտյան Ադրբեջան։ Եվ հետևաբար նման հարցը մեզ համար քննարկելի չէ։ Իսկ ընդհանրապես, եթե փախստականների թեմայի մասին ենք խոսում, ես արդեն հիշատակեցի, մենք նույնիսկ փաստաթուղթ ունենք Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ փախստականների վերադարձի մասին։ Հայաստանում և սփյուռքում կան փախստականներ Նախջևանից, Բաքվից, Սումգայիթից, Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններից, Գյանջայից և այլն», – նշել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ այս ամենը փաստացի տարածքային պահանջներ են Հայաստանի նկատմամբ, ինչն էլ անհնար է դարձնում թեմայի որևէ քննարկում։ Նա հավելել է, որ այս տրամաբանությամբ անհնար է նաև «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսակցությունները, քանի որ դա ևս պարունակում է ՀՀ տարածքային ամբողջականությանը սպառնացող տարրեր։

Փաշինյանն ընդգծել է, որ Ադրբեջանի հայտարարություններում հակասություններ կան։

«Ինչո՞վ։ Ադրբեջանը ինքը իրեն հակասում է նրանով, որ 2021 թվականը և հաջորդող շրջանը իրենք անվանում են պաշտոնական մակարդակում ետկոնֆլիկտային շրջան, բայց իրենք ամեն օր խոսում են կոնֆլիկտի լեզվով։ Այսինքն Ադրբեջանի այս երկու խոսույթները 9en բռնում իրար հետ։ Ամեն օր կոնֆլիկտի լեզու, ամեն օր ագրեսիվ հռետորաբանություն, ամեն օր ուժի կիրառման սպառնալիք և արևմտյան Ադրբեջանի խոսույթ, որը կասկածի տակ է դնում Հայաստան պետության գոյությունn իսկ, և զուգահեռ մեզ հրավիրում է դա քննարկելու։ Կներեք, իմ կարծիքով դա առնվազն տարօրինակ է», – նշել է վարչապետը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ավելի վաղ հայտարարել էր, թե ՀՀ–ն պետք է երկխոսություն սկսի այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» համայնքի հետ, որի տակ հարևան երկրում հասկանում են ՀՀ գրեթե ամբողջ տարածքը, այդ թվում՝ Երևանը։

 Ուշագրավ
---