Նախագիծ․ 15 000 դրամ տուգանք՝ տրանսպորտից առանց վճարելու օգտվելու համար

Նախագիծ․ 15 000 դրամ տուգանք՝ տրանսպորտից առանց վճարելու օգտվելու համար

PanARMENIAN.Net - Հանրային քննարկման է ներկայացվել օրենքների նախագծերի փաթեթ, որով նախատեսվում է տուգանել քաղաքացիներին՝ հասարակական տրանսպորտից առանց փոխադրավարձը վճարելու օգտվելու կամ արտոնություն ունեցող ուղևորի փոխարեն երթևեկելու համար, հայտնում է «Հետքը»։

Ըստ նախագծի՝ ներհամայնքային երթևեկության համար նախատեսված ավտոբուսներից, տրոլեյբուսներից կամ մետրոպոլիտենից առանց վճարելու օգտվելու դեպքում ուղևորը կկրի 15,000 դրամ տուգանք։ Իսկ եթե արտոնություն ունեցող անձի փոխարեն երթևեկի այլ անձ, ապա տուգանքի չափը կկազմի 18,000 դրամ։

Նախագծերի փաթեթը կազմել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը, սակայն այն հանրային քննարկման է ներկայացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Փոփոխություններ և լրացումներ նախատեսվում են «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքներում, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում։

Նախագծով սահմանվում է, որ ուղևորները պարտավոր են տրանսպորտային միջոց նստելուց անմիջապես հետո, բայց ոչ ուշ քան մեկ րոպեի ընթացքում, հաստատել տեղական վճարի վճարված լինելը կամ արտոնյալ կարգով երթևեկելու իրավունքը՝ տրանսպորտային միջոցում տեղադրված համապատասխան սարքի միջոցով։ Վճարման հաստատման միջոցը ուղևորները պետք է պահպանեն մինչև ուղևորության ավարտը և, վերահսկողություն իրականացնող անձանց պահանջի դեպքում, ներկայացնեն ստուգման համար։ Այս կանոնների չկատարումը կարող է հանգեցնել վարչական պատասխանատվության։

Տեղական ինքնակառավարման մարմինները կարող են հաստատել միասնական վճարային համակարգ, որը կիրառելի կլինի տարբեր տրանսպորտային միջոցների համար։ Վճարների գանձումը կիրականացվի համայնքի միջոցով՝ օպերատորին պատկանող տրանսպորտային միջոցներում տեղադրված սարքերի կամ այլ վճարային միջոցների օգնությամբ։

Տեղական վճարի գանձման նկատմամբ վերահսկողություն կիրականացնեն համայնքի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձինք կամ 100% համայնքային մասնակցությամբ օպերատորի աշխատակիցները։ Նրանց հրահանգները պարտադիր կլինեն ուղևորների և վարորդների համար, այդ թվում՝ տրանսպորտային միջոցի շարժը կանգնեցնելու, դռները բաց կամ փակ պահելու վերաբերյալ։

Վերահսկողության արդյունավետությունն ապահովելու համար հնարավոր կլինի կիրառել տեխնիկական միջոցներ, այդ թվում՝ տեսանկարահանում, լուսանկարահանում և ձայնագրություն, որոնք կարող են օգտագործվել ենթադրյալ իրավախախտման դեպքերը պարզելու համար։

Վերահսկողություն իրականացնող անձինք, անհրաժեշտության դեպքում, կարող են դիմել ոստիկանության աջակցությանը՝ նույնականացման կամ տեղական վճարը չվճարած ուղևորի հետագա երթևեկությունը դադարեցնելու համար։

Նախագծի հեղինակների պնդմամբ՝ ավտոբուսների անվտանգության ապահովման նպատակով կարող է իրականացվել նաև տեսանկարահանում, որը կներառի ավտոբուսի սրահը, արտաքին հատվածը և կանգառասրահները։

Միջմարզային, ներմարզային և ներհամայնքային ավտոբուսային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները պետք է լինեն 10 տարուց ոչ ավելի հնության, եթե Կառավարության որոշմամբ այլ ժամկետ չի սահմանվել։ Բացի այդ, դրանք պետք է համապատասխանեն անվտանգության, շրջակա միջավայրի պահպանության և տեխնիկական պահանջներին։

Վերջին շրջանում Երևանում շարունակվում են ընդդիմադիր ավագանու անդամների մասնակցությամբ բողոքի ակցիաները՝ տրանսպորտի գների բարձրացման դեմ։ Քաղաքացիների մի մասը հրաժարվում է վճարել կամ վճարում է 100 դրամ, ի նշան բողոքի։ Օրենքներում փոփոխություններ կատարելու նախաձեռնությունը, ըստ որոշ գնահատականների, նպատակ ունի կանխել նմանատիպ ակցիաները

Նախագծերն ուժի մեջ մտնելու համար պետք է ընդունվեն Ազգային ժողովի կողմից։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---