14 մարտի 2025 - 13:39 AMT
Միրզոյան․ Համաձայնագրում փախստականների վերադարձի և սահմանադրության վերաբերյալ դրույթներ չկան

Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստում բացակայում է որևէ դրույթ, որը կվերաբերվի փախստականների վերադարձին։ Այդ մասին Ազգային ժողովում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստում չկա որևէ դրույթ այն մասին, որ մինչև Խորհրդային Միության փլուզումը երկու երկրների տարածքներում բնակեցված և այդ տարածքները լքած մարդիկ պետք է վերադառնան իրենց տներ կամ այն տարածքներ, որտեղ իրենց նախնիներն ապրել են»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը, հայտնում է Արմենպրեսը։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վստահեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության համաձայնագրի նախագծում սահմանադրությունների վերաբերյալ որևէ կարգավորում նախատեսված չէ։

«Լսեցինք ադրբեջանական կողմից մեկնաբանությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մասին: Այս մասին, իհարկե, բնականաբար համաձայնագրի համաձայնեցված տեքստում կրկին ոչինչ չկա: Ընդհանրապես, համաձայնագրի տեքստում որևէ միակողմանի կարգավորում չկա: Չկա նաև սահմանադրությունների մասին կարգավորում»,- նշել է Միրզոյանը, հայտնում է Արմենպրեսը։

Նա ընդգծել է, որ հայկական կողմն էլ իր մտահոգություններն ունի Ադրբեջանի Սահմանադրության վերաբերյալ՝ նկատի ունենալով դրա մեջ առկա որոշ ձևակերպումներ, որոնք, ըստ Հայաստանի, կարող են ներառել տարածքային նկրտումներ։

«Բայց նաև հայտնի է, որ մենք կարծում ենք, որ համաձայնագրի տեքստում ունենք որոշակի դրույթներ, որոնք փարատում են: Եթե նույնիսկ տեսականորեն իսկապես սահմանադրություններում կարող են լինել այդպիսի պահանջներ, ապա մենք համաձայնագրի տեքստի ստորագրմամբ և վավերացմամբ մեկընդմիշտ այդ հարցերը կարող ենք համարել փակված»,- հավելել է Միրզոյանը։

Նրա խոսքով՝ համաձայնագրի վավերացումը պետք է անցնի Հայաստանի Սահմանադրական դատարանով։

ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։

Միջազգային մի շարք երկրներ արդեն ողջունել են այս պայմանավորվածությունը՝ հույս հայտնելով, որ պայմանագիրը կստորագրվի որքան հնարավոր է շուտ։