ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ չի վարել և չի վարում խաղաղության բանակցություններ, ուստի ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կարող ապահովել խաղաղություն և կայունություն։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։
Սաղաթելյանը նշել է, որ թույլ չեն տալու Ադրբեջանի կամքով ՀՀ սահմանադրության փոփոխություն:
Նրա խոսքով, այդ պայմանավորվածությունների արդյունքւոմ ՀՀ-ն որևէ ձեռքբերում չունի։
«Չի ապահովում ադրբեջանական զորքերի դուրսբերումը ՀՀ օկուպացված տարածքներից, չի կանխում Ադրբեջանի հետագա ագրեսիան, չի անդրադառնում արցախահայության վերադարձի իրավունքին, չի լուծում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը։
Սա փաստացի Փաշինյանի կողմից գրավոր պարտավորվածություն է ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին։
Մենք թույլ չենք տալու Ադրբեջանի կամքով ՀՀ սահմանադրության փոփոխություն։ Դա տեղի չի՛ ունենալու»,–գրել է նա։
Սաղաթելյանը հավելել է, որ վստահ է՝ այս հարցում հանրության ծանրակշիռ մեծամասնությունը լինելու է իրենց բնական դաշնակիցը։
ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։
Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։