14 մարտի 2025 - 15:28 AMT
Միրզոյան. Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական տարածքներ կան, կա և հակառակը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանի համար խաղաղությունը գոյության միակ հնարավոր ճանապարհն է։

«Ադրբեջանի հետ խաղաղությունն ու հարաբերությունների կարգավորումը բխում է ՀՀ-ի շահերից»,- ասել է նա, հայտնում է Radar.am-ը։

Միրզոյանը նաև խոսել է Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշ հատվածների մասին, որոնք շարունակում են գտնվել ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։

«Կան ՀՀ-ին պատկանող տարածքներ, որոնք այժմ գտնվում են ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ, այդ թվում՝ Ջերմուկի: Կան նաև Ադրբեջանի որոշ տարածքներ, որոնք գտնվում են Հայաստանի ուժերի վերահսկողության տակ»,- ասել է նա։

ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։

Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։