14 մարտի 2025 - 17:23 AMT
Միրզոյան․ Թուրքիայի հետ պայմանավորվել ենք վերականգնել Անիի պատմական կամուրջը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին, ընդգծել է, որ Թուրքիայի հետ առանցքային հարցերից են սահմանների բացումը, ենթակառուցվածքների վերագործարկումը։

«Թուրքիայի հետ առանցքային է սահմանների բացումը, ենթակառուցվածքների վերագործարկումը, Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը, որը կենսական նշանակություն ունի»,– նշել է Միրզոյանը, հայտնում է «Առավոտը»։

Նախարարը հայտնել է, որ կողմերը պայմանավորվել են վերականգնել Անիի պատմական կամուրջը, սակայն մի շարք պայմանավորվածություններ դեռ չեն իրագործվել։

«Ունենք պայմանավորվածություններ, որոնք կյանքի չեն կոչվում, օրինակ, երրորդ երկրների քաղաքացիների համար ազատ շարժը, սահմանի բացումը նրանց համար, նաև Հայաստանի և Թուրքիայի այն քաղաքացիների համար, որոնք դիվանագիտական անձնագիր ունեն»,– հավելել է նա։

Միրզոյանն անդրադարձել է նաև հայ-թուրքական սահմանին իրականացվող փոփոխություններին՝ նշելով, որ 2025 թվականի փետրվարի 28-ից սկսած՝ «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն ամբողջությամբ իրականացնում են ՀՀ սահմանապահ զորքերը։ «Սա, իհարկե, նշանակում է, որ Հայաստանի սահմանային բոլոր անցակետերում՝ գործող-չգործող, ինչպիսին, օրինակ, Մարգարան է, արդեն մարտի 1-ից ծառայություն է իրականացնում Հայաստանի սահմանային ծառայությունը։ Սա բոլորովին, մեղմ ասած, անկարեւոր փաստ չէ»,– նշել է նախարարը։

Միրզոյանը նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի գործընկերներին՝ մինչ այս պահը իրականացված ծառայության համար։

ՀՀ էին այցելել թուրքական լրատվականների լրագրողները, որոնց հարցազրույց է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրանք այցելել էին նաև «Մարգարա» անցակետ, որը հայկական կողմից ամբողջությամբ պատրաստ է շահագործման։