14 մարտի 2025 - 18:27 AMT
ԵՄ դիտորդները կմնան մինչև համաձայնագրի ստորագրումը, հետո կքննարկվեն հետագա քայլերը

ԵՄ դիտորդները կմնան Հայաստանում մինչև համաձայնագրի ստորագրումը, հետո կքննարկվեն հետագա քայլերը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա նշել է, որ ԵՄ դիտորդների մանդատի շրջանակում հստակ նշված է, որ նրանք նպաստում են սահմանային գոտիներում կայունության պահպանմանը և խաղաղության գործընթացին, հայտնում է Aysor.am-ը։

«Նույնիսկ փաստում ենք, որ իրենց տեղակայումից հետո մենք լայնածավալ էսկալացիաներ չենք ունեցել և դա ինչ-որ առումով իրենց գործունեության շնորհիվ է։ Հետևաբար, մենք իսկապես երախտապարտ ենք և գնահատում ենք, նրանք շարունակում են և շարունակելու են իրականացնել առաքելությունը քանի դեռ համաձայնագիրը չի ստորագրվել»,–ասել է նա։

Միրզոյանն ընդգծել է, որ երբ պայմանագիրը ստորագրվի, վավերացվի և ուժի մեջ մտնի, դա կարձանագրի խաղաղության հաստատումը։

«Իրենց գործառույթը նպաստել էր խաղաղությանը, եթե մտավ ուժի մեջ՝ խաղաղությունը հաստատված է, հետևաբար, ԵՄ մեր գործընկերների հետ, երևի, պետք է քննարկում ունենանք այն մասին, թե ինչպիսի փոփոխություն է պետք մտցնել մանդատում, ինչ այլ համագործակցություն է պետք է ծավալել»,- նշել է նա։

ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։

Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։