ՆԱՏՕ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը՝ ընդգծելով, որ պայմանագրի շուտափույթ ստորագրումն ու վավերացումն էական նշանակություն ունեն։ Այդ մասին ասվում է ՆԱՏՕ-ի խոսնակ Էլիսոն Հարթի հայտարարության մեջ։
Նշվցել է, որ դա նշանակալի քայլ է կարգավորման գործընթացում, հայտնում է Արմենպրեսը։
«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը և անհամբեր սպասում ենք պայմանագրի ստորագրմանը և վավերացմանը։ Սա նշանակալի քայլ է կարգավորման գործընթացում և կարևոր նպաստ տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը»,- գրել է նա։
ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։
Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։