Ռուսաստանը դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը և պատրաստ է հարթակ տրամադրել խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Մարիա Զախարովան նաև նշել է, որ ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչը՝ Իգոր Խովաևը, պատրաստ է այցելել Բաքու և Երևան՝ խորհրդակցությունների նպատակով, հայտնում է ՏԱՍՍ–ը։
«Մենք վերահաստատում ենք առաջարկը՝ ապահովել ռուսական հարթակ՝ Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների բանակցությունների համար՝ կարգավորման բոլոր հարցերի շուրջ, ինչպես նաև խաղաղության պայմանագրի ստորագրման նպատակով», – հավելել է Զախարովան։
Նա հավելել է, որ Մոսկվան պատրաստ է շարունակել աջակցել խաղաղ գործընթացի առաջխաղացմանը և Բաքվի ու Երևանի միջև մնացած հարցերի լուծմանը։ Առաջնահերթ ուղղություններից են խաղաղության պայմանագրի ստորագրումը, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանների սահմանազատումը և հումանիտար հարցերը։ Ռուսաստանի մասնակցության ձևաչափը և մակարդակը կորոշվեն՝ հաշվի առնելով կողմերի ցանկությունները։
«Մենք աջակցում ենք այս կարևոր քայլին՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների լիարժեք ու համապարփակ կարգավորման ճանապարհին, ինչպես դա նախատեսված է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020–2022 թվականների եռակողմ պայմանավորվածություններով», – ասել է նա։
ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին:
Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։