ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայությունը (ICE) հրապարակել է վիճակագրություն՝ ներկայացնելով Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն վերադարձից հետո միգրանտների ձերբակալությունների ցուցանիշները։
Ըստ գերատեսչության՝ 2025 թվականի հունվարի 20-ից մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում ձերբակալվել է 32,809 մարդ, ինչը գերազանցում է նախորդ տարվա ընդհանուր ցուցանիշը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
ICE-ի հայտարարության մեջ նշվում է. «2024 ֆինանսական տարվա ընթացքում ICE-ի Կիրառման և հեռացման գործողությունների բաժինը կատարել է 33,242 նման ձերբակալություն»։
Գերատեսչության տվյալներով՝ ձերբակալվածներից 14,111-ը դատապարտված հանցագործներ են, իսկ 9 980-ը՝ քրեական գործերով մեղադրյալներ։
ICE-ը նաև տեղեկացրել է, որ ձերբակալել է 1155 խմբավորման անդամի, ինչը գրեթե 2.5 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ 483 մարդ։ Բացի այդ, ըստ զեկույցի, 39 ձերբակալվածներ մեղադրվում կամ կասկածվում են ահաբեկչության մեջ։
«Մենք մեր երկրից արտաքսել ենք հայտնի ահաբեկիչներին, կարտելի անդամներին և ավազակախմբերի անդամներին», – հայտարարել է Ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը՝ ընդգծելով, որ արտաքսման գործընթացը շարունակվելու է։
Փետրվարին ICE-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կալեբ Վիտելլոն փոխարինվել է Թոդ Լայոնսով։
«Ես նշանակում եմ ICE-ի նոր ղեկավարություն՝ ապահովելու այն արդյունքները, որոնք արդարացիորեն ակնկալում են նախագահ Թրամփը և ամերիկացի ժողովուրդը», – նշել է Նոեմը։
Թրամփի վարչակազմը փոփոխել է CBP One հավելվածի գործառույթները, որը մինչ այդ միգրանտներին թույլ էր տալիս նշանակել հարցազրույց օրինական մուտքի նավահանգիստներում։ Փոխարենը գործարկվել է CBP Home հավելվածը, որն օգտատերերին առաջարկում է հայտարարելու երկիրը լքելու մտադրության մասին։
«CBP Home հավելվածը միգրանտներին հնարավորություն է տալիս հեռանալ հենց հիմա՝ ինքնաարտաքսման միջոցով, որպեսզի նրանք ապագայում կարողանան օրինական ճանապարհով վերադառնալ և իրականացնել ամերիկյան երազանքը։ Եթե նրանք դա չանեն, մենք կգտնենք նրանց, կարտաքսենք, և նրանք երբեք չեն վերադառնա», – նշել է Նոեմը։
Միևնույն ժամանակ, Սպիտակ տունը հայտնել է, որ «Դարիեն Գափով» ԱՄՆ միգրացիոն հոսքերը նվազել են 99%-ով։ Այս տարածքը, որը գտնվում է Պանամայի հարավում և Կոլումբիայի հյուսիսում, ճահճային է, առանց ճանապարհների և ենթակառուցվածքների, ինչը միգրանտների համար անցումը դարձնում է ծայրահեղ դժվար։
Անօրինական միգրացիայի խնդրի լուծումը Թրամփի նախընտրական ծրագրի հիմնական խոստումներից մեկն էր։ Հունվարի 20-ին կայացած երդմնակալության արարողության ժամանակ նա խոստացել է իրականացնել «միլիոնավոր ու միլիոնավոր» անօրինական միգրանտների արտաքսումը՝ նախազգուշացնելով նաև ԱՄՆ-ի հարավային սահմանին զինված ուժեր ուղարկելու մասին՝ «աղետալի ներխուժումը» կանխելու նպատակով։
Թրամփի ստորագրած առաջին հրամանագրերից մեկով հարավային սահմանին արտակարգ դրություն է հայտարարվել, ինչը հեշտացրել է զանգվածային արտաքսումները։ Բացի այդ, նա չեղարկել է catch and release («բռնել և բաց թողնել») մեթոդը, որով միգրանտներին ազատ էին արձակում, մինչ նրանք կսպասեին դատական լսումներին։
Նրա հրամանագրերով դադարեցվել են փախստականների վերաբնակեցման ծրագրերը, ինչպես նաև չեղարկվել է իրավունքը, որով ԱՄՆ տարածքում ծնված միգրանտների երեխաները քաղաքացիություն էին ստանում։ Սակայն դատարանը հետագայում արգելափակեց այդ որոշումը։