15 մարտի 2025 - 12:53 AMT
ՀՀ–ն $750 մլն եվրոպարտատոմսեր է թողարկել․ Ֆիննախն ուշացումով է հայտնել այդ մասին

Հայաստանը միջազգային կապիտալի շուկայում թողարկել է 750 մլն ԱՄՆ դոլարի եվրոպարտատոմսեր։ Տեղաբաշխումը կայացել է մարտի 5-ին և հաջող ընթացք է ունեցել, ֆինանսների նախարարությունն այդ մասին հայտնել է մարտի 14–ին։

Ստացված միջոցներն ուղղվելու ենպետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը։

Եվրոպարտատոմսերի մարման ժամկետը 10 տարի է, իսկ եկամտաբերությունը՝ 7.1%։ Նոր եվրապարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունը կազմում է 6.75%:

Սա Հայաստանի կողմից եվրոպարտատոմսերի հինգերորդ թողարկումն է միջազգային շուկայում։ Ըստ նախարարության՝ այս գործընթացը նախատեսված է 2025 թ-ի պետական բյուջեի մասին օրենքով և ներառված է 2025 թ-ի փոխառությունների ծրագրում։

Հասարակական գործիչ Արթուր Դանիելյանը եվրոպարտատոմսերի այս թողարկումը բնութագրել է որպես «խաղաղության պայմանագրի զիջումների համար գին»: Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«750,000,000 դոլարն էր գինը խաղաղության պայմանագրի զիջումների համար: Ուղիղ էդքանի պարտատոմս է թողարկել ՀՀ-ն մարտի 12-ին ու հույժ գաղտնի է պահել ինֆորմացիան: Գաղտնի էր դա, քանի որ նույնիսկ մեծ ջանքեր դնելով հնարավոր չէ ուղիղ կապը չտեսնել մարտի 12-ին պարտք ուզելու ու դրա հաջորդ օրը Ադրբեջանին զիջումների մասին հայտնելու մեջ»,–գրել էր նա՝ հրապարակելով նաև թողարկման կոդը։

ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանն էլ նշել է, որ տարօրինակ է նախարարության ուշացած հաղորդագրությունը, թեև մասնագիտական շրջանակները տեղյակ են եղել, հայտնում է Factor.am-ը։

«Պարտատոմսերը նորմալ տեղաբաշխվել են։ Պահանջարկը 2․6 մլրդ դոլար է եղել, և 750 մլն դոլարն արդեն խոսում է նորմալ տեղաբաշխման մասին։ Եթե համադրենք Թուրքիայի հետ, ապա լավ պայմաններ են»,- ասել է Ֆանյանը։

ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: