Գերագույն հոգևոր խորհհրդի ժողովն ավարտել է աշխատանքը։ Մարտի 11-14-ը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ, քննարկվել են թեմերում ԵՆԺ պատգամավորների ընտրության գործընթացը, ժողովի օրակարգային հարցերի նախապատրաստումը, ինչպես նաև կազմակերպչական այլ հարցեր։
Գերագույն հոգևոր խորհուրդը նաև լսել է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն տիար Արման Թաթոյանի զեկույցը՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող գերիների վերաբերյալ։
Հատուկ ուշադրություն է դարձվել Արցախի նախկին քաղաքական, զինվորական ու քաղաքացիական ներկայացուցիչների նկատմամբ Ադրբեջանի նախաձեռնած դատավարություններին, որոնց առնչությամբ խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ։
Հայրենիքում և տարածաշրջանում առկա մարտահրավերների վերաբերյալ զեկույց է ներկայացրել քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Խաչիկյանը՝ շեշտադրելով ազգային շահերի գերակայությունը և տարածաշրջանային կայունության պահպանման դիվանագիտական ջանքերի անհրաժեշտությունը։
Ժողովի մասնակիցները մտահոգություն են հայտնել Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ։ Պատմական գիտությունների թեկնածու, ժողովրդագրության մասնագետ տիար Միքայել Մալխասյանը ներկայացրել է Հայաստանի բնակչության աճի և միգրացիայի վերաբերյալ ժամանակագրական վերլուծություն։ Խորհրդի անդամներն արձանագրել են ժողովրդագրական անբարենպաստ ցուցանիշները և ընդգծել Եկեղեցու կարևոր դերը՝ ընտանիքների ամրապնդման ու որդեծնության խրախուսման հարցում։
Գերագույն հոգևոր խորհրդի անդամները գոհունակությամբ արձանագրել են Գևորգյան հոգևոր ճեմարանում եռաստիճան կրթական համակարգի լիարժեք ներդրումը և որակյալ կրթության ապահովումը։
Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը և Կրթական հանձնախմբի անդամ Հասմիկ Մարգարյանը ժողովականներին տեղեկացրել են Կիրակնօրյա դպրոցների դասագրքերի պատրաստման աշխատանքների ընթացքի մասին։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի ստեղծել միասնական հոգևոր-կրթական ծրագիր՝ երեխաների ազգային ու հոգևոր դաստիարակությունն ապահովելու համար։
Խորհուրդն առաջնահերթ է համարել այս ծրագիրը՝ մատաղ սերնդի հոգևոր-բարոյական արժեքների պահպանման տեսանկյունից և հանձնարարել է շարունակել աշխատանքները։
Մայրավանքի շինարարական ծրագրերի վերաբերյալ զեկույց է ներկայացրել Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը՝ նշելով, որ առաջիկայում շահագործման կհանձնվեն Մայր Տաճարի թանգարանը, «Ալեք և Մարի Մանուկյան» Գանձատունը և նորակառույց Մոմավառության սրահը։ Շարունակվում են նաև Գևորգյան ճեմարանի կացարանային շենքի, Հառիճավանքի ննջարանային մասնաշենքի վերանորոգման և այլ աշխատանքներ։
Երուսաղեմի Հայոց Պատրիարքության խնդիրների վերաբերյալ տեղեկություններ է ներկայացրել Պատրիարքության Տնօրեն ժողովի ատենապետ Տ․ Թեոդորոս եպիսկոպոս Զաքարյանը՝ անդրադառնալով «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության հարցին, Պատրիարքության կալվածքների նկատմամբ գույքահարկի պահանջներին և ձեռնարկված քայլերին։
Խորհուրդը զորակցություն է հայտնել Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանությանը և տեղի հայ համայնքին՝ կարևորելով արդարացի լուծումներ գտնելու անհրաժեշտությունը։
Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ․ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը ներկայացրել է Սիրիայում տիրող իրավիճակը, երկրի քաղաքական գործընթացները, ինչպես նաև անվտանգության, տնտեսական դժվարությունները և տեղի հայ համայնքի առջև ծառացած մարտահրավերները։
Ժողովի ընթացքում քննարկվել են նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2024 թվականի գործունեության մասին տեղեկագիրն ու ֆինանսական տարեկան հաշվետվությունը։
Տեղեկացվել է, որ հաշվետու տարում Եկեղեցու կառույցներում և թեմերում շարունակվել են հոգևոր, սոցիալական, կրթական և բարեսիրական ծրագրերը։ Մայր Աթոռի մարդասիրական նախաձեռնությունները հասցեագրվել են սոցիալապես անապահով ընտանիքներին, Արցախից տեղահանված անձանց, զոհված զինծառայողների հարազատներին ու Սփյուռքի համայնքներին։ Ընդհանուր առմամբ, 2024 թվականին Մայր Աթոռի և թեմերի կողմից հատկացվել է 1,551,115 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի (608,037,073 ՀՀ դրամ) օժանդակություն։
Գերագույն հոգևոր խորհուրդը բարձր է գնահատել Հայոց Եկեղեցու գործունեությունը՝ ընդգծելով նրա կարևորությունը ազգային միասնության ամրապնդման գործում։