Բագրատ Սրբազան․ Խաղաղության պայմանագիր կոչվածը մեզ համար պարզապես «Պրահա 2» է

Բագրատ Սրբազան․ Խաղաղության պայմանագիր կոչվածը  մեզ համար պարզապես «Պրահա 2» է

PanARMENIAN.Net - «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ ներկայիս իշխանությունների առաջ բերած խաղաղության պայմանագիրը, ըստ իրեն, «Պրահա 2» է։

Նա նշել է, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում կնքվել է համաձայնագիր, որով Արցախը հանձնվել է թշնամուն, հայտնում է Aysor.am-ը։

«Այսօր տեղի է ունենում այն մեծ ողբերգությունը, որը մենք անվանել ենք «Պրահա 2», այսինքն՝ հանձնել բոլորիս, մեր պատիվը, արժանապատվությունը, հայրենիքը, կյանքը, մեր ամեն ինչը, մեր գոյության իմաստը նույնիսկ: Եվ ի՞նչ էր ասում․ մենք տեղեկություն ունեինք, որ այս ստախոսը, գերագույն ստախոսը հանդիպել է օտարերկրյա դեսպաններին և ասել, որ հայտարարությամբ կամ դիմումով պիտի հանդես գա և դիմի ժողովրդին, որ այդ պայմանագրի վերջին երկու-երեք կետերը, որոնք համաձայնեցված չէին, այլևս համաձայնեցված են:

Սակայն, ինչպես տեսնում եք, ոչ թե հայտարարությամբ հանդես եկավ կամ դիմումով՝ ժողովրդին, այլ պարզապես՝ իրեն հատուկ յուրահատուկ մոլորեցնելու ճանապարհով, այսպես իմիջիայլոց դարձնելով, որպեսզի որևէ կերպ արձագանքը և անդրադարձը համարժեք չլինի։ Նախ արտգործնախարարի շրթունքներով և ապա թշնամու արտգործնախարարի շրթունքներով հայտարարվեց այդ մասին, և ապա նա՝ ստախոսը, լրագրողների հետ ոտքի վրա իմիջիայլոց խոսեց այն մասին, որ միջանցքը հանձնելու ենք, տալու ենք՝ բառացի ասաց, մնացած կետերն էլ համաձայնեցված են»,- նշել է նա։

ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին:

Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։

 Ուշագրավ
---