Թրամփը Պուտինի հետ կքննարկի Ուկրաինայում պատերազմի դադարեցման հարցը

Թրամփը Պուտինի հետ կքննարկի Ուկրաինայում պատերազմի դադարեցման հարցը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ մարտի 18–ին պատրաստվում է խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ նպատակ ունենալով համաձայնության գալ Ուկրաինայում պատերազմի դադարեցման շուրջ՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ և ռուս պաշտոնյաները Մոսկվայում քննարկումներ են անցկացրել։

«Ես երեքշաբթի օրը կխոսեմ նախագահ Պուտինի հետ։ Շատ աշխատանք է տարվել շաբաթավերջին։ Մենք ուզում ենք տեսնել՝ հնարավո՞ր է վերջ դնել այդ պատերազմին։ Գուցե կարող ենք, գուցե՝ ոչ, բայց կարծում եմ՝ շատ լավ հնարավորություն կա», – ասել է Թրամփը լրագրողներին Air Force One ինքնաթիռում՝ Ֆլորիդայից Վաշինգտոն վերադարձի ընթացքում, գրում է Reuters-ը։

Թրամփը փորձում է ստանալ Պուտինի աջակցությունը 30-օրյա հրադադարի առաջարկին, որը Ուկրաինան ընդունել է անցած շաբաթ։ Սակայն ծանր օդային հարվածները շարունակվել են երկու կողմից էլ, մինչդեռ ռուսական ուժերը զգալի առաջխաղացում են գրանցել՝ դուրս մղելով ուկրաինական զորքերին Կուրսկի շրջանում իրենց դիրքերից։

Երբ նրան հարցրել են հրադադարի բանակցությունների շրջանակում քննարկվող զիջումների մասին, Թրամփն ասել է. «Կխոսենք տարածքների մասին։ Կխոսենք էլեկտրակայանների մասին։ Կարծում եմ՝ արդեն շատ բան է քննարկվել երկու կողմից՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։ Մենք արդեն խոսում ենք այդ մասին՝ որոշ ռեսուրսների բաժանման հարցով»։

Թրամփը ընդգծել է, որ այս հարցի շուրջ զգալի աշխատանք է տարվել շաբաթավերջին, որը նա անցկացրել է Ֆլորիդայում։ Նա վերադարձել է Վաշինգտոնի մոտ գտնվող Էնդրյուս ռազմաբազա երկուշաբթի վաղ առավոտյան, ապա ուղևորվել է Սպիտակ տուն։

Թրամփը բազմիցս նշել է, որ Ուկրաինայի հետ համագործակցելն ավելի դժվար է, քան Ռուսաստանի հետ։ Նրա հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ անցած ամիս լարված է եղել, և ուկրաինական կողմը նախատեսվածից շուտ լքել է Սպիտակ տունը։

Այժմ, երբ Ուկրաինան ընդունել է հրադադարի առաջարկը, ճնշումը տեղափոխվում է Ռուսաստանի վրա՝ Թրամփի նախաձեռնությանը պատասխանելու համար։ Սա նաև կլինի մի կարևոր փորձություն Թրամփի դիվանագիտական մոտեցման համար՝ Պուտինի հետ հարաբերություններում, որը երեք տարի առաջ սկսել է Ռուսաստանի լայնածավալ ներխուժումը Ուկրաինա։

Photo. Reuters
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---