Արսեն Թորոսյան. Շատ ենք կարևորում, որ Ուոլցը հատուկ նշել է բանտարկյալների ազատման մասին

Արսեն Թորոսյան. Շատ ենք կարևորում, որ Ուոլցը հատուկ նշել է բանտարկյալների ազատման մասին

PanARMENIAN.Net - Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» դրական է գնահատում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությունը, որտեղ խոսվում է խաղաղության պայմանագրի վերջնականացման և բանտարկյալների ազատման անհրաժեշտության մասին։

«Քաղաքացիական պայմանագրի» վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը նշել է, որ Ուոլցն ասել է այն, ինչի մասին նաև Հայաստանի իշխանություններն են խոսում, հայտնում է «Ազատությունը»։

«Ես շատ եմ կարևորում, մենք շատ ենք կարևորում, որ Մայք Ուոլցը հատուկ նշել է բանտարկյալների ազատման մասին: Նա ասել է, որ նախ պետք է խաղաղության գործարքը վերջնականացվի, ազատվեն բանտարկյալները և աշխատենք միասին՝ ավելի ապահով և բարգավաճ ռեգիոն ունենալու համար։ Ես ցիտում եմ Մայք Ուոլցի բառերը: Սա ուղղակիորեն այն է, ինչ մենք ենք ասում: Իմ խորին համոզմամբ, և մեր խորին համոզմամբ, մեր հայրենակիցներին տուն վերադարձնելու բանալին խաղաղության պայմանգիր կնքելու և այն իրագործելու մեջ է»,- ընդգծել է Թորոսյանը։

Նախօրեին Ուոլցը X-ում նշել էր, որ Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի։ Նա տեղեկացրել էր, որ Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ՝ քննարկելու տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացը։

Ուոլցը կարևոր քայլ էր համարել խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ մասնավորապես ընդգծելով․ - «Ես նրան ասացի, որ այժմ մենք պետք է վերջնականացնենք այդ խաղաղության գործարքը, ազատ արձակենք բանտարկյալներին, և միասին աշխատենք տարածաշրջանն ավելի անվտանգ և բարգավաճ դարձնելու ուղղությամբ»։

Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ուշադրությամբ ուսումնասիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությունները։

Ներկայում ադրբեջանական բանտերում պահվում է 23 հայ, որոնցից 16-ը գերեվարվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Ադրբեջանի ռազմական հարձակման հետևանքով։

 Ուշագրավ
---