18 մարտի 2025 - 11:27 AMT
Շվեդիայի և Դանիայի հայերը կոչ են արել Դանիայի կառավարությանը նպաստել գերիների ազատ արձակումը

Շվեդիայի և Դանիայի հայերը կոչ են արել Դանիայի կառավարությանը նպաստելհայ գերիների ազատ արձակումը:

Դանիայում անցկացված ցույցի մասնակիցները կառավարությանը ներկայացրել են մի շարք պահանջներ, որոնց հիմնական նպատակն է ադրբեջանական գերության մեջ գտնվող հայերի ազատ արձակումը, գրում է «Առավոտը»։

Նրանք պահանջել են, որ Դանիայի իշխանությունները հրապարակայնորեն դատապարտեն Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումները։ Բացի այդ, կոչ է արվել Բաքվից անհապաղ ազատ արձակել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին, ինչպես նաև բոլոր անօրինական ձերբակալված հայերին ու ռազմագերիներին։

Ցուցարարները կարևորել են միջազգային հանձնաժողովի ստեղծումը՝ հետաքննելու ադրբեջանական բանտերում հայ գերիների նկատմամբ կիրառվող խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը։

Նրանք նաև պահանջել են, որ Դանիան նախաձեռնություն ցուցաբերի Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցում, ովքեր ներգրավված են մարդու իրավունքների խախտումներում։

Վերջին պահանջը վերաբերում է Միջազգային քրեական դատարանում (ICC) Ադրբեջանի դեմ հայտ ներկայացնելուն՝ նրան պատասխանատվության ենթարկելու նպատակով։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ զրույցում ասել է նրան, որ պետք է ազատ արձակել գերիներին և ավարտին հասցնել ՀՀ հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։

Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ուշադրությամբ ուսումնասիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությունները։