18 մարտի 2025 - 13:30 AMT
Աֆեյանը՝ CNN-ին․ Խաղաղության ցանկացած համաձայնագիր պետք է ենթադրի գերիների ազատ արձակում

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, «Մոդերնա» ընկերության նախագահ Նուբար Աֆեյյանը հարցազրույց է տվել CNN-ին՝ ընդգծելով, որ խաղաղության ցանկացած համաձայնագիր ՀՀ և Ադրբեջանի միջև պետք է ներառի բանտարկյալների ազատ արձակումը։

Նա հավելել է, որ եթե խաղաղության համաձայնագիրը չներառի բանտարկյալների ազատ արձակումը, այն որևէ իրական արժեք չի ունենա։

Աֆեյանը նշել է, որ կարևոր է հասկանալ իրադարձությունների ամբողջական համատեքստը։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանը հարձակվել է մի տարածքի վրա, որը մոտ 30 տարի եղել է անկախ հանրապետություն՝ բաղկացած բացառապես հայերից, որոնք ապրել են այնտեղ իրենց պատմական հայրենիքում, հայտնում է Free Armenian Prisoners թիմը։

«Մեկ տարի տևած շրջափակումից հետո իրականացված հարձակումը հանգեցրել է 120,000 հայերի տեղահանմանը, ինչը բազմաթիվ փորձագետներ որակել են որպես էթնիկ զտում։ Այդ հայերի թվում եղել է նաև Ռուբեն Վարդանյանը, որը Լեռնային Ղարաբաղում զբաղվել է մարդասիրական գործունեությամբ և երեք ամիս ծառայել որպես պետնախարար։

Մեղադրանքները, որոնք առաջադրվել են նրան մեկ տարվա ձգձգումներից և կալանքի ժամկետների երկարացումներից հետո, ըստ էության, ամեն ինչի մասին են: Փաստորեն, կա 42 մեղադրանք, որոնցից շատերը վերաբերում են մինչև Ղարաբաղ նրա մեկնելը՝ հասնելով 1980-ականների վերջ, երբ նա Մոսկվայում ուսանող էր: Այսպիսով, սա կեղծ դատավարության և նրան հնարավոր բոլոր մեղադրանքները ներկայացնելու փորձ է։ Նրա դեմ հարուցված քրեական գործը 25,000 էջ է, գրված է մի լեզվով, որը նա չի հասկանում, ընդ որում՝ առանց թարգմանության: Այսպիսով, ըստ էության, նրան առաջադրել են մեղադրանքներ, որոնք նա չի հասկանում, բերել են ինչ-որ ապացույցներ, որոնք ամբողջությամբ վերահսկվում են պետության կողմից»,–ասել է նա։

Պաուլա Նյուտոնը հիշեցրել է, որ Վարդանյանը հացադուլ էր հայտարարել՝ որպես բողոքի նշան, սակայն վերջերս դադարեցրել է այն։ Նա հետաքրքրվել է, թե Աֆեյանը որևէ տեղեկություն ունի՞ նրա առողջական վիճակի մասին և հնարավո՞ր է եղել որևէ կերպ հաղորդակցվել նրա հետ։

Աֆեյանը նշել է, որ այս ամբողջ ընթացքում Վարդանյանին թույլ է տրվել միայն սահմանափակ հեռախոսային կապ ընտանիքի հետ, ուստի նրա վիճակի մասին տեղեկությունները ստացվում են այդ կարճատև զանգերի միջոցով։ Սա եղել է Վարդանյանի երկրորդ հացադուլը. նախորդը տեղի է ունեցել 2023-ի ապրիլին և տևել է 20 օր։ Նրա խոսքով, Վարդանյանը փորձել է իր գործողություններով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել դատավարության անհիմն բնույթի վրա, քանի որ բաց և արդար դատական գործընթացի դեպքում նա հնարավորություն կունենար պաշտպանելու իրեն։

Աֆեյանը նշել է, որ Վարդանյանին միակ ֆիզիկական այցելությունները եղել են Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) կողմից, սակայն Ադրբեջանը վերջերս ԿԽՄԿ-ին արգելել է գործունեություն ծավալել երկրում։ Նույնը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ։ Արդյունքում, ըստ Աֆեյանի, Վարդանյանի գործով իրականացվում է փակ և ոչ թափանցիկ դատական գործընթաց։

Պաուլա Նյուտոնը հարցրել է Աֆեյանին՝ արդյոք հնարավոր է, որ խաղաղության վերջնական համաձայնագիրն իրականություն դառնա, և ինչ ազդեցություն այն կարող է ունենալ գերիների ճակատագրի վրա։

Անդրադառնալով այս հարցին՝ Աֆեյանը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը երկու պաշտոնական հայտարարություն է արել գերիների ազատ արձակման պահանջով։ Առաջինը եղել է անձամբ Թրամփի գրառումը սոցիալական ցանցերում, իսկ երկրորդը՝ նրա ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցի հայտարարությունը, որը կրկնել է նույն պահանջը։

Աֆեյանը շեշտել է, որ խաղաղության ցանկացած համաձայնագիր, որը չի ներառում գերիների ազատ արձակումը, հակասում է Թրամփի վարչակազմի դիրքորոշմանը և ուղղված ուղերձներին։ Նա նաև նշել է, որ նմանատիպ պարտադրված խաղաղության պայմանագրերի պատմությունը ցույց է տվել, որ դրանք երկարաժամկետ չեն եղել, հատկապես երբ կնքվել են ռազմական ագրեսիայի և էթնիկ զտումների արդյունքում։

Աֆեյանը որպես սփյուռքահայ, որը երկար տարիներ աջակցել է Հայաստանի զարգացմանը, ընդգծել է, որ ինքը նույնպես ցանկանում է տեսնել խաղաղության համաձայնագրի ստորագրումը, սակայն դա պետք է լինի իսկական և արդար համաձայնագիր։ Նրա խոսքով, Ադրբեջանը կարող է օգտագործել այս հակամարտությունը ներքին նպատակներով, իսկ երկրում շարունակվում են արտահայտվելու ազատության խոչընդոտները։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ զրույցում ասել է նրան, որ պետք է ազատ արձակել գերիներին և ավարտին հասցնել ՀՀ հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։

Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ուշադրությամբ ուսումնասիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությունները։