18 մարտի 2025 - 14:18 AMT
Վարչապետի աշխատակազմ. ՀՀ բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի

Վարչապետի աշխատակազմն արձագանքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության վերջին օրերի տարածած ապատեղեկատվությանը՝ նշելով, որ ՀՀ բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի։

«Ս/թ մարտի 16–18-ն Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը թվով 6 հաղորդագրություն է տարածել Հայաստան–Ադրբեջան սահմանին Հայաստանի բանակի կողմից իբրև թե հրադադարի ռեժիմի խախտումների մասին։

ՀՀ պաշտպանության նախարարությունը վերը նշված բոլոր հաղորդագրություններից հետո իրականացրել է ստուգողական աշխատանքներ և ստուգման արդյունքներով հերքել Հայաստանի բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին պնդումները։

Այդ բոլոր հերքման հաղորդագրություններում ՀՀ պաշտպանության նախարարությունը հիշեցրել է դեռևս 2024 թվականի հունիսի 22–ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի առաջարկը՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ նման տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին, որին Ադրբեջանը մինչև օրս դրական չի արձագանքել։

ՀՀ պաշտպանության նախարարության 2025 թվականի մարտի 17–ի հաղորդագրության մեջ արձանագրվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստ է հետաքննել Ադրբեջանի հաղորդագրությունները հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ–ին փոխանցելու պարագայում։

Արձանագրում ենք, որ այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից ՀՀ–ին չի փոխանցվել ՀՀ բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում։

ՀՀ վարչապետի աշխատակազմը՝ վերահաստատելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ նման տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին իր առաջարկը, հայտարարում է, որ ՀՀ բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի»,–ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նաև շեշտվել է, որ ՀՀ կառավարությունը հետևում է խաղաղության օրակարգին, ինչի վկայությունն են այն քայլերը, որոնք ուղղված են Հայաստան-Ադրբեջան խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի վերջնականացմանը, որ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը մեծ կարևորություն ունի, և Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին կոչ է անում սկսել քննարկումներ՝ ստորագրման վայրի և ժամկետների վերաբերյալ։

Կառավարությունը կարևորել է նաև այն փաստը, որ համաձայնագրի նախագիծը ներառում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հիմնարար հարցերի հասցեագրում և նախատեսում է հետագա գործողությունների մեխանիզմներ։

«Անհրաժեշտ ենք համարում արձանագրել նաև, որ 2025 թվականի հունվարին Հայաստանի Հանրապետությունը գրավոր կերպով Ադրբեջանի Հանրապետությանն է փոխանցել Ադրբեջանի արևմտյան շրջաններից Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի ՆԻՀ, հակառակ ուղղությամբ և դեպի երրորդ երկրներ, և Հայաստանի Հանրապետության հյուսիս–արեւմտյան շրջաններից Ադրբեջանի տարածքով դեպի ՀՀ հարավային հատված, հակառակ ուղղությամբ և դեպի երրորդ երկրներ երկաթուղային բեռնափոխադրումների խնդրի լուծման առաջարկ, ինչպես նաև սպառազինությունների փոխադարձ վերահսկման երկկողմ մեխանիզմի ստեղծման մասին առաջարկ և սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին։

Միևնույն ժամանակ, վերահաստատում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է շարունակել Ադրբեջանի Հանրապետության հետ պետական սահմանի սահմանազատման աշխատանքները՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի համաձայն»,–ասվում է հայտարարության մեջ։

Մարտի 16-ից սկսած՝ Ադրբեջանի ՊՆ-ն պարբերաբար տարածում է գրեթե նույն բովանդակությամբ ապատեղեկատվություն, որոնք ոչ միայն ՀՀ ՊՆ-ն է հերքել, այլև՝ ԵՄ դիտորդական առաքելությունը։