Մարտի 20-ին նախատեսված է բողոքի ակցիա, որի ընթացքում կառավարությունից պահանջվելու է քայլեր ձեռնարկել Բաքվում գտնվող գերիների ազատ արձակման համար։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։
Նա նշել է, որ Բաքվում գտնվող մեր հայրենակիցների համար պայքարը շարունակվում է։
Ակցիան տեղի կունենա ժամը 11։00–ին կառավարության շենքի դիմաց։
«Կառավարությանը ևս մեկ անգամ հիշեցնելու ենք իր պարտականությունների մասին։ Հայ ժողովուրդը պատասխանատու է մեր հայրենակիցների համար»,- գրել է նա։
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ զրույցում ասել է նրան, որ պետք է ազատ արձակել գերիներին և ավարտին հասցնել ՀՀ հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։
Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ուշադրությամբ ուսումնասիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությունները։