18 մարտի 2025 - 16:35 AMT
Մանուկյանը՝ Ավինյանին. Մանկապարտեզների կառուցման և վերանորոգման թերակատարումը 50% է

Երևանի ավագանու նիստում «Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Անետա Բաբայանը ներկայացրել է «Երևանի զարգացման 2024 թվականի ծրագրի» կատարման հաշվետվությունը։

Երևանի ավագանու նիստում «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը նշել է, որ մանկապարտեզների կառուցման և վերանորոգման թերակատարումը 50% է, հայտնում է Panorama.am-ը։

«Նախադպրոցական հաստատությունների՝ մանկապարտեզների կառուցում և վերանորոգում կետում թերակատարումը մոտ 50% է։ Պաշտպանության ոլորտում 66% է կատարողականը, առողջապահությունը՝ 30 %-ով թերակատարել եք, կենտրոնի թաղապետը 700 մլն դրամ է թերակատարել և այսպես շարունակ։ Ուզում եմ հասկանալ, որ ասում եք՝ կատարողականը շատ բարձր տոկոս է եղել, զեկուցողն էլ ասում է, թե չգիտի քանի տոկոս է եղել, հետևաբար՝ ձեզ ով է ասել, որ բարձր տոկոս է եղել»,- հարց ուղղել է Մանուկյանը։

Ավագանու ընդդիմադիր անդամը նաև հետաքրքրվել է քաղաքապետարանի առաջնահերթ ուղղություններով՝ նշելով, որ զեկույցում դրանք հստակ չեն նշված։

«Եվ այդ խայտառակ թերակատարումներով հանդերձ՝ Երևանի 2024 թվականի բյուջեն կատարվել է 94.5 %-ով»,- արձագանքել է Տիգրան Ավինյանը։

Մանուկյանը նշել է, որ իր հարցն ուղղված էր զեկուցողին, իսկ 2024 թվականի կատարողականի մասին ինքը դեռ ելույթ կունենա։

Անետա Բաբայանը, պատասխանելով հարցին, նշել է, որ զարգացման ծրագրում 33 գերակայություններ են նշված, և չի համարում ճիշտ առանձնացնել միայն երեքը։

«Ինչ վերաբերում է նրան, որ ասում եք, թե նախընտրական քարոզարշավին ինչ ասել ենք՝ կատարել ենք։ Օրինակ Հաղթանակի 40-ամյակի զբոսայգին. խորհուրդ կտամ վաղը այցելեք, կամ մտեք իմ «ՏիկՏոկ»-ի էջը, տեսեք ձեր սարքած այգին։ Արևային օրերին մի հոգի դուրս չի գալիս զբոսնելու»,- նշել է Մանուկյանը, հայտնում է

Մանուկյանը նաև հիշատակել է Մասիվի Վերածննդի այգին՝ ընդգծելով, որ այսպիսի օրինակները շատ են։

Իր ելույթի ընթացքում Մանուկյանը ընդգծել է, որ Երևանի զարգացման ծրագրում առաջնահերթություններ չեն նշվել, ինչպիսին, օրինակ, կարող էր լինել «կանաչ քաղաք» կամ «զբոսաշրջության համար գրավիչ քաղաք» գաղափարները։

«Խոսում եք սոցիալական տիրույթներում ձեր ֆանտաստիկ գրանցած առաջընթացի մասին, բայց ձեր Ֆեյսբուքի, «ՏիկՏոկ»-ի, Ինստագրամի էջերում 300-400 դիտում եք ունեցել։ Ժողովուրդ, այդպես առաջընթաց չի կարելի ապահովել, հատկապես Երևանի համար»,- եզրափակել է Մեսրոպ Մանուկյանը։