18 մարտի 2025 - 17:08 AMT
Դիտորդ․ Դատապարտյալները դժգոհում են ԱՆ ենթակայությանն անցնելու անհարմարություններից

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի միջին բուժանձնակազմը ՔԿՀ-ներում ներկայություն ունի ամբողջ օրվա ընթացքում, մինչդեռ ավագ բուժաշխատողները գործում են առավոտյան 9:00-ից մինչև 18:00-ն։ Այդ մասին Մեդիա կենտրոնում «Բժշկական օգնությունը քրեակատարողական հիմնարկներում» քննարկման ընթացքում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի Բժշկական օգնության կազմակերպման բաժնի պետ Նաիրա Բաբայանը։

Նրա խոսքով՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը, բացառությամբ «Դատապարտյալների հիվանդանոցի», բոլոր ստորաբաժանումներում տրամադրում է առողջության առաջնային պահպանման օղակին համապատասխան բուժօգնություն, ինչը ենթադրում է, որ սպասարկումը կատարվում է միայն դիմելիության հիմքով։ Այս կառույցը նախկինում գտնվել է արդարադատության նախարարության ենթակայության տակ, սակայն վերջերս անցում է կատարել առողջապահության նախարարության ենթակայության տակ, հայտնում է Panorama.am-ը։

Բաբայանը նշել է, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ներկայումս տրամադրվող բուժօգնությունն ավելի որակյալ է և ծավալով՝ ավելացած՝ նախկին համակարգի համեմատ։ Նրա խոսքով՝ այս փոփոխությունը հատկապես զգալի է եղել կառույցի՝ արդարադատության նախարարությունից առողջապահության նախարարություն անցնելուց հետո։

Քննարկման մասնակից, ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Անահիտ Մկրտչյանը կարծիք է հայտնել, որ ՔԿՀ-ներում տարածված մոտեցումը հետևյալն է՝ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվելու շրջանում որոշ հարցեր ավելի արդյունավետ էին կարգավորվում, մասնավորապես՝ դեղորայքի ապահովման և բուժսպասարկման որակի տեսանկյունից։

«Տարիների ընթացքում ձևավորված պրակտիկան ենթադրում էր, որ որոշ խնդիրներ հնարավոր էր լուծել քրեակատարողական ծառայության պետի միջամտությամբ կամ թույլտվությամբ, սակայն առողջապահության նախարարության ենթակայությանն անցնելու կտրուկ փոփոխությունը առաջացրել է անհարմարություններ և դժգոհություններ դատապարտյալների շրջանում։ Բացի այդ, խնդիրներ են առաջացել նաև բուժանձնակազմի համար, քանի որ նրանց համագործակցությունը ՔԿՀ-ների հետ դեռևս չի կայունացել։

«Համագործակցությունը նոր է, դեռևս կարիք ունի հղկման։ Այս պահին դատապարտյալների և բուժանձնակազմի միջև ամուր վստահության կամուրջ չկա։ Պատճառներից մեկը, հավանաբար, այն է, որ դատապարտյալները նախընտրում են հնարավորինս արագ տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոցներ կամ, շատերի դեպքում, դժգոհությունը կապված է «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխվելու ցանկության հետ, քանի որ ՔԿՀ-ներում հիմնականում տրամադրվում է միայն առաջնային բուժօգնություն, մինչդեռ նրանք հաճախ ունեն նեղ մասնագիտական բժշկական աջակցության կարիք»,- նշել է Մկրտչյանը։

Քննարկման ընթացքում անդրադառնալով ՔԿՀ-ներում տարածված հիվանդություններին՝ Նաիրա Բաբայանը նշել է, որ վիճակագրական տվյալները մեծապես չեն տարբերվում ազատության մեջ գտնվող անձանց շրջանում գրանցված ցուցանիշներից՝ առավել հաճախ հանդիպում են սիրտ-անոթային հիվանդություններն ու ուռուցքային ախտահարումները։