18 մարտի 2025 - 17:30 AMT
Եվրամիությունում քննարկելու են «Ազատություն» ռադիոկայանին օժանդակելու հարցը

Եվրամիության ընդհանուր հարցերով խորհրդի նիստում նախատեսվում է քննարկել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին օժանդակելու հնարավորությունը: Այդ մասին տեղեկացրել է Չեխիայի եվրոպական հարցերով նախարար Մարտին Դվորժակը։

Չեխիայի արտգործնախարարը նախորդ օրը՝ Եվրամիության արտաքին գործերի նախարարների հավաքի ժամանակ, բարձրացրել է լրատվամիջոցին աջակցելու հարցը՝ նախաձեռնելով հայտարարության նախագիծ, որտեղ անդրադարձ է կատարվում ԵՄ-ի կողմից «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին օժանդակելու հնարավորությանը, հայտնում է «Ազատությունը»։

Մարտին Դվորժակն ասել է, որ մարտի 17–ի դրությամբ Եվրամիության ևս 7 երկիր՝ Ավստրիան, Գերմանիան, Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Լեհաստանը և Բելգիան, միացել են այս նախաձեռնությանը։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով նախատեսվում է կրճատել 7 դաշնային գործակալություն, այդ թվում՝ գլոբալ լրատվամիջոցների գործակալությունը, որը վերահսկում է «Ազատություն» ռադիոկայանն ու «Ամերիկայի ձայն» լրատվամիջոցը։

Հրամանի հրապարակումից ժամեր անց լրատվամիջոցները տարածել են վերահսկող գործակալության նամակը, ըստ որի՝ Կոնգրեսի հաստատած դրամաշնորհը, որից ֆինանսավորվում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը, դադարեցվել է։ Նամակը ստորագրել է Քերի Լեյքը, որը ներկայանում է որպես գործակալության գործադիր տնօրենի պաշտոնակատարի ավագ խորհրդական և Թրամփի թեկնածուն՝ «Ամերիկայի ձայնի» ղեկավարի պաշտոնում։

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Սթիվեն Կապուսը X-ի իր հարթակում գրել է. «Առանց մեզ, փակ հասարակություններում շաբաթական մոտ 50 միլիոն մարդ, կզրկվի աշխարհի մասին ճշմարտության հասանելիությունից»։