Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով ձևավորված հանձնաժողովի աշխատանքը պաշտոնապես չի դադարեցվել, սակայն այս փուլում այն «քնած» վիճակում է։ Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր է խմբի լուծարումը՝ հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ շփումների ակտիվացումը։
«Առաջին հերթին, շատ լավ է, որ ուղղակի շփումներ են ընթանում, դա չափազանց կարևոր է։ Ինչ վերաբերում է փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբին, այն ստեղծվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությամբ... Ընդհանուր առմամբ, այժմ այն գտնվում է քնած վիճակում, դա կարելի է արձանագրել, սակայն մենք գիտենք, որ այս թեմայի շուրջ գործընկերների միջև շփումներ իրականացվում են»,– նշել է Օվերչուկը, գրում է Sputnik Արմենիան։
Նա շեշտել է, որ հանձնաժողովը պաշտոնապես չի փակվել, և եթե կողմերը հետաքրքրություն ցուցաբերեն դրա գործունեության նկատմամբ, ապա Ռուսաստանը պատրաստ է վերականգնել աշխատանքը։
«Եթե գործընկերները դիմեն մեզ, և մենք որևէ կերպ կարողանանք օգտակար լինել, իսկ մենք կարող ենք օգտակար լինել, ապա, անշուշտ, մեծ հաճույքով կշարունակենք այս աշխատանքը»,– հավելել է փոխվարչապետը։
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ հանձնաժողովի հետագա ճակատագիրը կախված է գործընկերների հետաքրքրվածությունից։
Եռակողմ աշխատանքային խումբը ստեղծվել է 2021 թվականի հունվարին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համաձայնության արդյունքում։ Խմբի հիմնական նպատակն էր տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնումը։ Ռուսաստանի կողմից խումբը գլխավորում է Ալեքսեյ Օվերչուկը։