19 մարտի 2025 - 10:46 AMT
ՀՀ–ն ամենաբյուջետային տուրիստական երկրների 10–յակում է

HelloSafe հարթակի մասնագետները հրապարակել են այն երկրների ցանկը, որտեղ զբոսաշրջիկները կարող են նվազագույն ծախսեր կատարել։ Ամենամատչելի տուրիստական ուղղությունների թվում են նաև երեք հետխորհրդային երկրներ՝ Ղազախստանը, Վրաստանը և Հայաստանը։

Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել զբոսաշրջիկների միջին օրական ծախսերը, հայտնում է «Վեստի Կավկազա»–ն։

Լաոսից հետո երկրորդ տեղում է հայտնվել Ղազախստանը, որտեղ մեկ օրվա ծախսը կազմում է 20 դոլար։

Հայաստանն զբաղեցրել է վեցերորդ տեղը, իսկ Վրաստանը՝ ութերորդը։ Ամենամատչելի տուրիստական երկրների տասնյակը եզրափակում է Մյանման, որտեղ օրական ծախսերը փոքր-ինչ գերազանցում են 20 դոլարը։

Ընդհանուր առմամբ, վերլուծության ընթացքում դիտարկվել է ավելի քան 130 տուրիստական ուղղություն։

2024 թվականին Հայաստան է այցելել 2,208,179 զբոսաշրջիկ։ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, ամփոփելով պաշտոնավարման 100 օրը, նշել է, որ 2023-ի համեմատ այդ ցուցանիշը նվազել է 4.6 տոկոսով. 2023–ին ՀՀ է այցելել 2,316,000 մարդ։