Բաղունց․ Շնորհակալ ենք Շվեյցարիայի խորհրդարանին՝ սկզբունքային դիրքորոշման համար![]() 19 մարտի 2025 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը շնորհակալություն է հայտնել Շվեյցարիայի խորհրդարանին՝ Արցախի ժողովրդի նկատմամբ ցուցաբերած ուշադրության և սկզբունքային դիրքորոշման համար։Այդ մասին ասվում է նրա հայտարարության մեջ։ Նա նշել է, որ այդպիսի միասնական և սկզբունքային դիրքորոշումը վկայում է միջազգային իրավունքի և մարդասիրական արժեքների նկատմամբ Շվեյցարիայի հանձնառության մասին։ «Արտահայտելով Արցախի ժողովրդի խորին երախտագիտությունը՝ ողջունում և բարձր ենք գնահատում Շվեյցարիայի Համադաշնության խորհրդարանի՝ Դաշնային ժողովի վերին պալատի՝ Կանտոնների խորհրդի կողմից 2025 թվականի մարտի 18-ին №24.4259 նախագծի՝ «Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» վերնագրով բանաձևի ընդունումը։ Մեզ համար առանձնակի կարևորություն ունի այն փաստը, որ Շվեյցարիայի խորհրդարանի երկու պալատներն էլ՝ ինչպես Ազգային խորհուրդը 2024 թվականի դեկտեմբերի 17-ին, այնպես էլ այժմ Կանտոնների խորհուրդը, կողմ քվեարկեցին այս կարևոր նախաձեռնությանը։ Այսպիսի միասնական և սկզբունքային դիրքորոշումը վկայում է միջազգային իրավունքի և մարդասիրական արժեքների նկատմամբ Շվեյցարիայի հանձնառության մասին։ Խորապես գնահատում ենք Շվեյցարիայի խորհրդարանի կողմից Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության առանձնացված հարթակ ստեղծելու կոչը։ Արցախի բռնի տեղահանված ժողովրդի անվտանգ, հավաքական և արժանապատիվ վերադարձի իրավունքը միջազգային իրավունքի անքակտելի մասն է, ինչը բազմիցս հաստատվել է միջազգային տարբեր կառույցների կողմից, այդ թվում՝ Միջազգային արդարադատության դատարանի և Եվրոպական խորհրդարանի բանաձևերում։ Մենք հույս ենք հայտնում, որ Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը անհապաղ կձեռնարկի անհրաժեշտ քայլեր՝ Կանտոնների խորհրդի այս պատմական որոշումը կյանքի կոչելու համար։ Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ աջակցելու բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված են Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության երաշխավորմանը, ինչպես նաև կայուն և արդար խաղաղության հաստատմանը տարածաշրջանում։ Մեկ անգամ ևս խորին շնորհակալություն ենք հայտնում Շվեյցարիայի խորհրդարանին՝ ցուցաբերած սկզբունքային դիրքորոշման, մարդասիրության և Արցախի ժողովրդի ցավին ու կարիքներին ցուցաբերած ուշադրության համար»,–ասվում է հայտարարության մեջ։ Կանտոնների խորհուրդն ընդունել է №24.4259 նախագիծը՝ «Լեռնային Ղարաբաղի համար խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» վերնագրով։ 46 անդամ ունեցող պալատում 29 պատգամավոր կողմ է քվեարկել, 12-ը՝ դեմ։ Նիստին ներկա արտաքին գործերի նախարար Իգնազիո Կասիսը և մի շարք պատգամավորներ փորձել են կանխել բանաձևի ընդունումը՝ պնդելով, որ այն հակասում է միջազգային իրավունքին, քանի որ Լեռնային Ղարաբաղի հայերը միջազգային իրավունքի սուբյեկտ չեն։ Կասիսը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը շուտով խաղաղության պայմանագիր կստորագրեն, ուստի նման նախաձեռնության կարիք չկա։ Սակայն բանաձևի կողմնակիցները հակադարձել են, նշելով, որ Շվեյցարիան ապացուցել է իր չեզոք միջնորդ լինելու արդյունավետությունը։ Նրանք ընդգծել են, որ երկխոսության ապահովումը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների միջև կարող է նպաստել բռնի տեղահանվածների անվտանգ ու կազմակերպված վերադարձին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |