Բագրատ Սրբազան․ Եթե, Աստված մի արասցե, պատերազմ լինի, սրա՞նք պետք է ղեկավարեն

Բագրատ Սրբազան․ Եթե, Աստված մի արասցե, պատերազմ լինի, սրա՞նք պետք է ղեկավարեն

PanARMENIAN.Net - Մարտի 18–ի երեկոյան Սրբազան պայքարի երիտասարդների նախաձեռնած «Չենք վստահում Փաշինյանին» ակցիայի շրջանակում Բագրատ սրբազանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Արցախի հանձնումից մինչև սոցիալական ամենօրյա խնդիրներն են պատճառ դարձել, որ երիտասարդներն այս ակցիան կազմակերպեն։

«Եթե, Աստված մի արասցե, պատերազմ լինի, սրա՞նք պետք է ղեկավարեն։ Տեսել ենք մի անգամ աղետը, և ղեկավարումից հետո պատասխանատվություն էլ չստանձնեցին՝ որևէ ձևով չկրելով մեղքի բաժին»,–ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Նա անդրադարձել է նաև խաղաղության պայմանագրին՝ ընդգծելով, որ այն նախորդ ողբերգությունների շարունակությունն է։

«Կեղծ «խաղաղության» դրույթներն ինչո՞ւ չեն հրապարակում, չէ որ համաձայնեցված են և գաղտնիության որևէ հանգամանք գոյություն չունի։ Պետք է հրապարակեն, որ մարդիկ կարդան, տեսնենք ինչի մասին է խոսքը։ Ինչո՞ւ պետք է վստահենք։ Էլ չգիտանենք, թե առաջիկայում ի՞նչ պատերազմ է նախատեսվում»,- ասել է սրբազանը։

ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին:

Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։

 Ուշագրավ
---