19 մարտի 2025 - 15:48 AMT
«Լույս» հիմնադրամ․ Երևանի 2024-ի բյուջեի ծախսերը թերակատարվել են

«Լույս» հիմնադրամըհրապարակել է վերլուծություն՝ նվիրված Երևանի 2024 թվականի բյուջեի կատարման հաշվետվությանը, որտեղ նշվում է, որ բյուջեի ծախսերը թերակատարվել են։

Համաձայն ուսումնասիրության, մայրաքաղաքի բյուջեի եկամուտների բարձրացման նպատակով ներդրվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք հանրային բացասական արձագանքի են արժանացել։ Մասնավորապես, զգալիորեն ավելացվել են տեղական տուրքերի (օրինակ՝ տարբեր թույլտվությունների դիմաց գանձվող վճարների) և տեղական վճարների (օրինակ՝ ավտոկայանման վճարների) դրույքաչափերը։ Այնուամենայնիվ, 2024-ին քաղաքի փաստացի եկամուտները կազմել են 116.7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ ընդամենը 1.6%-ով ավելի, իսկ հաստատված բյուջեի ցուցանիշից՝ 6.4%-ով պակաս։

«Եկամուտների աճն ապահովվել է միայն «հարկերի և տուրքերի» մասով, մինչդեռ «պաշտոնական դրամաշնորհները» և «այլ եկամուտները» զգալիորեն նվազել են՝ զսպելով բյուջեի ընդհանուր եկամուտների ավելացումը։

Տեղական տուրքերը, որոնք կազմում են հարկերի և տուրքերի հիմնական մասը, 2024-ին աճել են 4.1 անգամ, իսկ անշարժ գույքի հարկերը՝ 39.3%-ով։ Վերջինս պայմանավորված է 2024-ին գույքահարկի հաշվարկման նոր մեթոդի ներդրմամբ, ինչի արդյունքում հարկման բազան 2023-ի համեմատ բարձրացել է 42.9%-ով։

Տեղական վճարների աճը 79.1%-ով ապահովվել է ավտոկայանատեղիում կայանման վճարների ավելացման հաշվին։

Չնայած որոշ հարկային և տուրքային մուտքերի բարձր աճին, սեփական եկամուտների ընդհանուրը մեծացել է միայն 8.3 մլրդ դրամով՝ ցույց տալով, որ բյուջեի մուտքերը չեն համապատասխանել բյուջետային պլանավորման սպասումներին։

Մայրաքաղաքի 2024-ի բյուջեի ծախսերը թերակատարվել են։ Դրանք կազմել են 113.7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ 2.3%-ով ավելի, սակայն 5.5%-ով պակաս՝ ճշտված պլանի, և 9.0%-ով պակաս՝ հաստատված բյուջեի ցուցանիշից։

Թերակատարվել են ինչպես ընթացիկ, այնպես էլ կապիտալ ծախսերը։

Պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների ծախսերը կրկնակի գերազանցել են 2023-ի ցուցանիշը։

Վերլուծությունը ցույց է տալիս, որ մի շարք կենսական ծրագրեր չեն իրականացվել նախատեսված ծավալով։ Այդ ծրագրերից են՝ «Նախագծային աշխատանքների իրականացում», «Կամրջային կառուցվածքների վերականգնում և պահպանում», «Փողոցների պահպանում և շահագործում», «Փողոցների, հրապարակների և այգիների կահավորում», «Երևանի քաղաքային լուսավորություն», «Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների կառուցում», «Նախադպրոցական ուսումնական հաստատությունների կառուցում և հիմնանորոգում»։

Հատկապես երկու ծրագրեր առանձնանում են հանրային մեծ կարևորությամբ․

  • Չնայած իշխանությունների պնդումներին՝ մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2024-ին որևէ ծախս չի կատարվել։
  • Նախադպրոցական հաստատությունների կառուցման ու վերանորոգման ծրագիրը իրականացվել է ընդամենը 35.0%-ով՝ չնայած այն կառավարության առաջնահերթություններից մեկն է։

2024-ի բյուջեն ձևավորել է 3.0 մլրդ դրամի հավելուրդ, մինչդեռ ճշտված պլանով նախատեսված էր 7.1 մլրդ դրամ պակասուրդ։ Ինչպես 2023-ին, 2024-ին նույնպես բյուջեի դեֆիցիտը արհեստականորեն մեծացվել է, սակայն փաստացի ձևավորվել է եկամուտների ավելցուկ»,–ասվում է վերլուծության մեջ։

Այս ամենը, ըստ «Լույս» հիմնադրամի, փաստում է, որ քաղաքային իշխանություններին դեռևս չի հաջողվում արդյունավետ իրականացնել բյուջետային պլանավորումը։