ՊԵԿ նախագահ. Գործարարներին չենք քերթում

ՊԵԿ նախագահ. Գործարարներին չենք քերթում

PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հայտարարել է, որ որևէ գործարար չի ենթարկվում անհարկի ճնշումների, և բոլոր հարկային ստուգումներն իրականացվում են հաստատված ծրագրի համաձայն։

Պաշտոնյան նշել է, որ ՊԵԿ-ը մշակում է թիրախային ստուգումների տարեկան ծրագիր, որի շրջանակում էլ կատարվում են բոլոր անհրաժեշտ ուսումնասիրությունները՝ հիմնվելով հնարավոր ռիսկերի գնահատման վրա։ Նա հերքել է այն պնդումները, թե կառավարությունն այս միջոցներով փորձում է լրացնել բյուջեի պակասուրդը, ընդգծելով, որ այս գործընթացն իրականացվում է բացառապես տնտեսական ռիսկերի հիման վրա, հայտնում է Sputnik Արմենիան։

«Չենք քերթում, տնտեսվարողներին և բոլորին վերաբերվում ենք որպես մեր ընտանիքի անդամներ, ասում եմ բառիս ամենաուղիղ իմաստով։ Եվ մենք փորձում ենք համակարգը, մեր ծառայությունը հասարակության համար առավելագույն մարդակենտրոն դարձնել։ Համոզված եղեք, որ նման մոտեցումը մեր աշխատանքում միշտ կա», – ընդգծել է Հակոբյանը։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել, որ խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերություններում վերջին շաբաթներին լայնածավալ հարկային ստուգումներ են անցկացվում։

«Ալեքս» ընկերության աշխատակիցներից մեկն «Հրապարակի» հետ զրույցում նշել է, որ հարկային տեսուչները երկար ժամանակով մնում են ընկերությունում, ուսումնասիրում փաստաթղթերը և արտադրանքը։ Թերթի տեղեկությունների համաձայն՝ այս միջոցառումները պայմանավորված են բյուջեի դեֆիցիտով, և իշխանությունները նման կերպ փորձում են լրացնել պետական ֆինանսական պակասուրդը։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---