Բեգլարյանը Լոնդոնում քաղաքական և կրոնական առաջնորդների հետ հանդիպմանը բարձրացրել է հայ պատանդների հարցը

Բեգլարյանը Լոնդոնում քաղաքական և կրոնական առաջնորդների հետ հանդիպմանը բարձրացրել է հայ պատանդների հարցը

PanARMENIAN.Net - ԱՀ նախկին պետնախարար և Մարդու իրավունքների պաշտպան, Արցախ միության նախագահ Արտակ Բեգլարյանը մարտի 16-18-ը գտնվել է Լոնդոնում՝ ՀԱԵ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի հրավերով: Այցի շրջանակում նա մի շարք հանդիպումներ է ունեցել բրիտանական քաղաքական և կրոնական շրջանակների ներկայացուցիչների, ինչպես նաև տեղի հայ համայնքի հետ:

Թեմի առաջնորդ Հովակիմ Եպիսկոպոս Մանուկյանի նախաձեռնությամբ՝ Բեգլարյանը հանդիպել է բրիտանացի մի շարք կրոնական առաջնորդների հետ: Բացի այդ, նա հանդիպումներ է ունեցել Լորդերի պալատում՝ քննարկումներ վարելով Հայաստանի հարցերով համակուսակցական խորհրդարանական խմբի ղեկավար Ջեսիկա Մորդենի, Բարոնուհի Քերոլայն Կոքսի և մի քանի այլ բրիտանացի խորհրդարանականների հետ: Լոնդոնում կայացած այս հանդիպումների կազմակերպմանն աջակցել է նաև Մեծ Բրիտանիայի Հայ դատի գրասենյակը:

Արտակ Բեգլարյանը հանդիպումների ընթացքում մանրամասն անդրադարձել է հայ պատանդների ծանր դրությանը՝ շեշտելով նրանց ազատ արձակման հրատապությունը: Նա ընդգծել է, որ միջազգային հանրության կողմից ուժեղ ճնշում է անհրաժեշտ՝ կանխելու համար ադրբեջանական շինծու դատավարություններն ու հայ պատանդների նկատմամբ իրականացվող խոշտանգումները: Բեգլարյանը ներկայացրել է նաև Արցախի ժողովրդի ցեղասպանության, բռնի տեղահանման և ադրբեջանական իշխանությունների կողմից հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման փաստերը՝ ընդգծելով արցախահայության հավաքական վերադարձի իրավունքի ապահովման անհրաժեշտությունը:

Հովակիմ սրբազանի գլխավորությամբ՝ Արտակ Բեգլարյանը հանդիպումներ է ունեցել նաև Մեծ Բրիտանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Բացի Արցախի ժողովրդի և հայ պատանդների վիճակի քննարկումից, հանդիպումների ընթացքում շեշտվել են նաև համատեղ գործունեության և համագործակցության հնարավորությունները: Այցի ավարտին Բեգլարյանը շնորհակալություն է հայտնել Հովակիմ Սրբազանին՝ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանն ուղղված հետևողական ջանքերի և այցի կազմակերպման համար:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն էր տարածել՝ ընդգծել է, որ շարունակում է միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ կալանավորված անձանց ազատ արձակման խնդրի, ինչպես նաև դատավարական կոպտագույն խախտումներով և խոշտանգման աղաղակող նշաններով նրանց մի մասի նկատմամբ ընթացող բեմականացված դատավարությունների վրա:

 Ուշագրավ
---