Էլեկտրամոբիլների ՀՀ ներկրման քվոտան պետք է վերաբաշխվի, և ՀՀ կառավարությունը պետք է վերանայի դիլերներին և ֆիզիկական անձանց տրված սահմանաչափը։ Այդ մասին ասել է «Էլեկտրամոբիլներ ներկրողների շահերի պաշտպանության» նախաձեռնող խմբի ղեկավար Արտյոմ Հակոբյանը, հայտնում է Sputnik Արմենիան։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2025 թվականին Հայաստանին հատկացվել է 8000 քվոտա։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024-ի նոյեմբերի 13-ին հայտնել էր, որ այդ քվոտաները կբաժանվեն հետևյալ կերպ․ 5000 հատ՝ քաղաքացիներին, 3000-ը՝ դիլերներին։ Փետրվարի 23-ին Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրել էր, որ քաղաքացիներին հատկացված 5000 քվոտայի 90 տոկոսն արդեն օգտագործվել է, և ներկրվել է 4499 մեքենա։
Հակոբյանը նշել է, որ գործնականում պարզվել է՝ սահմանաչափերի բաշխումը ճիշտ չէր, քանի որ դիլերները կարողացել են իրացնել ընդամենը 500 քվոտա։
«ՀՀ կառավարությունից պահանջում ենք քվոտաների բաշխման մեթոդաբանության հիմնավորում։ Բանն այն է, որ դիլերները, որոնք անցած տարի ընդամենը մի քանի հարյուր մեքենա էին ներկրել, նրանց էլի այս տարի տրվեց 3000 քվոտա։ Պատկան բոլոր մարմինները մեզ հավաստիացնում էին, որ քվոտաները վերանայվելու են, և մենք հանգիստ սպասում էինք, մինչդեռ հիմա արդեն տագնապային իրավիճակ է ստեղծվել»,– նշեl 1 նա։
Նա ընդգծել է, որ ներկրված մեքենաների քվոտան հաշվարկվում է ոչ թե ձեռքբերման, այլ մաքսազերծման պահին, ինչը լուրջ խնդիրներ է առաջացրել ներկրողների համար։ ՀՀ կառավարության որոշմամբ՝ առաջնահերթությունը տրվում է այն մեքենաներին, որոնք առաջինն են հասնում մաքսատուն։
Ըստ Հակոբյանի՝ կան մարդիկ, որոնք ավելի վաղ են պատվիրել իրենց մեքենաները, սակայն տարբեր պատճառներով դրանք ավելի ուշ են հասել մաքսատուն, ինչի հետևանքով չեն կարող օգտվել քվոտայից։
«Ներկրված մեքենան մաքսատանը մնալու ամեն օրվա կայանատեղիի համար վճարում են 5000 դրամ, մինչդեռ անցած տարի այն 1300 դրամ էր։ Ոչ մեկը չասաց՝ ավելորդ այս գումարը մի վճարեք, քանի որ արդեն քվոտան ավարտվել է։ Այս պահին մաքսատան կայանատեղիում 500–ից ավելի մեքենա կա, ու դեռ գալիս են նոր խմբաքանակներ։ Սա անընդունելի մոտեցում է, քանի որ մաքսատանը որևէ հատուկ պայման չկա ստեղծված։ Օրինակ՝ երբ էլեկտրամոբիլները երկու–երեք ամիս առանց լիցքավորման են մնում, կարող են փչանալ»,– ասաց Հակոբյանը։
Նա ընդգծել է, որ 8000 քվոտան բավարար կլիներ անհատ ներկրողների համար, եթե այն ճիշտ բաշխվեր։
Նախաձեռնող խմբի մեկ այլ անդամ՝ Տիգրան Թովմասյանը, հավելել է, որ էլեկտրամոբիլների ձիաուժի հաշվարկի մեթոդը նույնպես խնդիրներ ունի և անհրաժեշտ է հստակ կարգավորում։
«ԵԱՏՄ կարգավորումներով էլեկտրամոբիլների ձիաուժը հաշվվում է առաջին 30 րոպեներին միջինացված հզորությամբ։ ՀՀ–ում դա հաշվի են առնում, եթե պաշտոնական դիլերից են գնում մեքենա, և նա տալիս է տեղեկանք, որ տվյալ մեքենան գործարանում է արտադրվել»,– ասել է նա։
Խմբի անդամներն ընդգծել են, որ Հայաստանում դիլերական ընկերությունների թիվը սահմանափակ է՝ ընդամենը 7-8 կազմակերպություն, և նրանք մրցակցային առավելություն ունեն անհատ ներկրողների նկատմամբ։ Բացի այդ, դիլերներն ավելի բարձր գնով են վաճառում մեքենաները, ինչի հետևանքով գնորդները կամ ստիպված են 15 տոկոսով ավելի թանկ վճարել, կամ ընտրել միայն այն մոդելները, որոնք ներկրվում են դիլերների կողմից։
Ազգային ժողովում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ այն դիլերները, որոնք ֆիզիկական անձանց անունով էլեկտրամոբիլ են ներմուծել, կզրկվեն լիցենզիայից։ Նա նշել էր, որ խոսքը վերաբերում է հազվադեպ դեպքերի՝ 240 մեքենայի, և այս պահին իրականացվում է հարցի ուսումնասիրություն։