20 մարտի 2025 - 14:12 AMT
ՀՀ–ն հաջողություններ է գրանցում օդային ճանապարհով տարանցիկ ուղի դառնալու գործընթացում

Հայաստանը նոր ձեռքբերումներ է գրանցում ավիափոխադրումների ոլորտում՝ տարանցիկ ուղի դառնալու գործընթացում։ «Զվարթնոց» օդանավակայանի տվյալների համաձայն՝ եթե 2018-2019 թվականներին Հայաստանը որպես տարանցիկ երկիր օգտագործել է 36 ուղևոր, ապա 2024 թվականին այդ թիվը գերազանցել է 172,000-ը, իսկ մարտի 11-ի դրությամբ տարանցիկ ուղևորների թիվը կազմել է 14, 542։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշել է, որ տարանցիկ ուղևորահոսքի մեծ մասն իրականցվել է տեղական ավիաընկերությունների կողմից, հայտնում է Արմենպրեսը։

«Տարանցիկ ուղևորների թվի ավելացման մեջ կարևոր և որոշիչ դեր ունեն տեղական ավիաընկերությունները, քանի որ դրանք հնարավորություն ունեն Հայաստանի օդանավակայանները որպես տարանցիկ կետեր օգտագործելու միջոցով երրորդ երկրից ուղևորին տեղափոխել մեկ այլ երկիր, ինչի հնարավորությունը շատ այլ ավիաընկերություններ չունեն, քանի որ գրանցված չեն Հայաստանում: Այսինքն, եթե մեր երկրում չգրանցված ավիաընկերությունը երրորդ երկրից չվերթ է իրականացնում դեպի Հայաստան, այլևս չի իրականացնում չվերթ դեպի մեկ այլ երկիր՝ հաշվի առնելով օդային փոխադրումների ոլորտում միջկառավարական համաձայնագրերը»,- ասել է Արմեն Սիմոնյանը։

Չնայած տարանցիկ ուղևորահոսքի զգալի աճին, Հայաստանը դեռ ունի անելիքներ՝ այս ուղղությամբ զարգացման համար։

«Այս հարցի շուրջ խնդրի լուծումը կբաժանեմ երկու մասի. առաջինը ենթակառուցվածքայինն է, այսինքն՝ պետք է լինի համապատասխան ենթակառուցվածք, որը կարող է պատշաճ որակով սպասարկել այդ տարանցիկ հոսքերը։ «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայման ուղղությամբ արդեն աշխատանքներ տարվում են: Երկրորդ՝ նոր ավիաընկերությունների հոսքն է և տեղական ավիաընկերությունների զարգացումը»,- նշել է նախարարի տեղակալը։

Հարցին, թե որքանով է թռիչքների ավելացումը ազդել ավիատոմսերի գնային քաղաքականության վրա, Սիմոնյանը պարզաբանել է, որ ավիատոմսերի արժեքի ձևավորումը կախված է տարբեր գործոններից։

Նրա խոսքով՝ ոլորտում հարաբերությունները շուկայական են, և ավիաընկերություններն իրենք են որոշում ավիատոմսերի գները՝ հաշվի առնելով պահանջարկը, մրցակցային միջավայրը և ծախսերը։

Անդրադառնալով 2025 թվականին սպասվող նոր ուղղություններին՝ Սիմոնյանը նշել է, որ դրանք հիմնականում պայմանավորված են նոր երկրների կողմից դեպի Հայաստան և Հայաստանից դեպի նոր ուղղություններով թռիչքներ իրականացնելու պահանջարկով։

Նա ընդգծել է, որ նոր ավիաընկերությունների մուտքը դեպի հայկական շուկա, ինչպես նաև նոր ուղղությունների ավելացումը որևէ խնդիր չի առաջացնում, քանի որ 2024 թվականից ներդրվել է նոր էլեկտրոնային հարթակ։ 2025 թվականից ոչ միայն ոչ կանոնավոր, այլև կանոնավոր ուղևորափոխադրումների հայտերը կընդունվեն ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով։